Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել է, որ Իրաքում և Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների կազմում է Ռուսաստանի Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի շուրջ 2700 բնակիչ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմի ժամանակ. նկարը «ՏԱՍՍ» գործակալության (արխիվ)
Նա նաև հայտնել է, որ անօրինական ռազմական կազմավորումների համար զինյալների հավաքագրմամբ զբաղվող 66 մարդ է հայտաբերվել:
Ռուսաստանյան Lenta.ru լրատվակայքը հայտնում է, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Սիրիայում կռվող 20 հազար օտարերկրացի զինյալներից շուրջ 4500-ը Ռուսաստանից եկվորներ են:
Ավելացնենք, որ Պատրուշևը մարտի 14-ին հայտնել էր, որ Ռուսաստանի հարավային դաշնային շրջանում աճում է ահաբեկչական սպառնալիքը, որը մասնավորապես պայմանավորված է Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումների համար կռվողների ներգաղթով:
Նշենք, որ Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումների կազմում կռվում են նաև Վրաստանի և Ադրբեջանի ԶՈւ քաղաքացիներ: Մասնավորապես վերջերս Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը հայտնել էր, որ մինչև այժմ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումներին է միացել Ադրբեջանի 900 քաղաքացի:
Ահաբեկչական խմբավորումների գործողություններում ներգրավված են նաև Վրաստանի քաղաքացիներ, մասնավորապես ԻՊ-ի շարքերում: Չնայած, որ նրանց թիվը հստակ չէ՝ ամենատարբեր աղբյուրներով Վրաստանի Պանկիսիի կիրճից Սիրիայում մարտնչում է 50-60 զինյալ։