Հուլիսի 8-ին «Կախեթիի տեղեկատվական կենտրոն» կայքը տարածել է վերջերս Վրաստանի ՆԳՆ-ի՝ Պանկիսի կիրճում իրականացրած հատուկ գործողության ժամանակ ձերբակալված Այուպ Բորչաշվիլիի գործով գլխավոր վկայի վկայությունը։ Վկան՝ Գեորգի Բորչաշվիլին, նույնպես Պանկիսի կիրճից է։ Ըստ տեղեկության, Վրաստանի ՆԳՆ հակաահաբեկչական կենտրոնը հարցաքննել է Գեորգի Բորչաշվիլին հունիսի 1-ին և 2-ին։
Հունիսի 14-ին Վրաստանի ՆԳՆ-ն Պանկիսի կիրճում հատուկ գործողություն էր իրականացրել, որի ժամանակ ձերբակալվել էր Այուպ Բորչաշվիլին։ Ըստ հետաքննության տվյալների՝ նա համախոհների հետ միասին օգտագործել է կրոնական գրականություն, համացանցային կայքերի և սոցիալական ցանցերի միջոցով հավաքագրել Պանկիսիի բնակիչներ՝ 16-ամյա Մուսլիմ Կուշտանաշվիլուն և 18-ամյա Ռամզան Բաղակաշվիլուն, ովքեր ապրիլի սկզբին մեկնել են Սիրիա։
Հետաքննության տվյալներով՝ 2014 թվականի ամռանը Այուպ Բորչաշվիլին մեկնել է Սիրիա, հանդիպել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդների հետ, ինչից հետո Վրաստանում հիմնել է վահաբական համայնք։ Նա դարձել է ԻՊ-ի ներկայացուցիչը Վրաստանում և այդ «համայնքի էմիր»։ Բացի այդ, նա ԻՊ-ի ամենահայտնի վրաստանցի հրամանատար Թարխան Բատիրաշվիլիի վստահված անձն է։
Գեորգի Բորչաշվիլին վստահեցրել է նաև, որ Վրաստանի շրջաններում վահաբական մի քանի համայնք կա, որոնք իրենց էմիրներն ունեն։ Վերջիններս նշանակվում են Այուպ Բորչաշվիլիի կողմից և ենթարկվում իրեն։
«Կախեթիի տեղեկատվական կենտրոնը» հայտնում է նաև, որ Պանկիսի կիրճի բնակիչներից մեկը նյութեր է ներկայացրել, որտեղ ասվում է, թե Վրաստանի ՆԳՆ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարությունը, այդ թվում՝ տնօրեն Իրակլի Չիմակաձեն տեղյակ են եղել վերոնշյալ երկու երիտասարդի Սիրիա գնալու մասին, մասնավորապես իմացել են նաև, որ վերջիններս ավիատոմս են գնել Թուրքիա մեկնելու համար։
Ըստ «Կախեթիի տեղեկատվական կենտրոն»-ի հենց այս նույն նյութերից պարզվել է նաև, որ Գեորգի Բորչաշվիլին մի քանի ամիս շարունակ համագործակցել է Վրաստանի ՆԳՆ-ի հակաահաբեկչական կենտրոնի հետ։
Կենտրոնը նաև շեշտում է, որ անչափահաս Մուսլիմ Կուշտանաշվիլին չէր կարող առանց ծնողների տված գրավոր համաձայնության լքել երկիրը։ Բացի այդ, Պանկիսիի բնակիչները հատկապես առանձնացնում են այն փաստը, որ Վրաստան մուտքի կամ ելքի ժամանակ Պանկիսիի բնակիչներին, հատկապես քիստերին և չեչեններին մշտապես ստուգում են, երբեմն ժամերով։
Տեղեկացնենք, որ ԻՊ-ի շարքերում կռվող վրաստանցի քաղաքացիների թիվը հստակ չէ, ամենատարբեր աղբյուրներով Պանկիսիի կիրճից Սիրիայում կռվում է 50-ից 60 զինյալ։
Pingback: «Իսլամական պետությունը» սպառնացել է Վրաստանի մուսուլմաններին և կոչ արել աջակցել իրենց | Ռազմ.info