Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել է, որ Ռուսաստանի հարավային դաշնային շրջանում աճում է ահաբեկչական սպառնալիքը, որը մասնավորապես պայմանավորված է Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումների համար կռվողների ներգաղթով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ռուսաստանի այս վարչական միավորը հիմնականում զբաղեցնում է Ուկրաինայի և Ղազախստանի միջև ընկած տարածքը և հարավում սահմանակից է Ռուսաստանի կազմի մեջ մտնող հյուսիսկովկասյան հանրապետություններին:
ՌԴ ԱԽ քարտուղարը նշել է, որ Ռուսաստանի հարավային դաշնային շրջանից Սիրիա գնացած և այնտեղ անօրինական խմբավորումների համար կռվողները հնարավոր է վերադառնան Ռուսաստան, այդ թվում նաև անօրինական ճանապարհներով, ինչն էլ բարդացնում է իրավիճակը հարավային դաշնային շրջանում:
Նա նաև հայտնել է, որ 2016-ին կանխվել է ահաբեկչական երկու գործողության պատրաստություն: Գրանցվել է ահաբեկչական բնույթի 119 և ծայրահեղական ուղղվածության 110 հանցագործություն:
Ըստ Պատրուշևի՝ հարավային շրջանում ահաբեկչական և ծայրահեղական միջազգային խմբավորումների անդամների հայտնաբերման, նրանց քարոզչական և հավաքագրման գործունեության կանխարգելման ուղղությամբ լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվել: