Սիրիայի ԶՈւ՝ Հոմսում տեղակայված «Շայրաթ» ավիաբազային ԱՄՆ-ի կողմից հրիթռների արձակման արդյունքում վնասվել կամ ոչնչացվել են «Շայրաթ» ավիաբազայի վառելիքի և զինամթերքի պահեստները, Սիրիայի ՀՕՊ կարողությունները և Սիրիայի ավիացիայի 20 տոկոսը: Այս մասին ապրիլի 10-ին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ջեյմս Մեթթիսը, փոխանցում է ԱՄՆ Պենտագոնի կայքը:
Նա նաև նշել է, որ Սիրիայի ռազմաօդային ուժերը զրկվել են «Շայրաթ» ավիաբազայում ինքնաթիռների վերալիցքավորման և վերազինման հնարավորություններից:
ԱՄՆ պաշտպանության քարտուղարը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ԱՄՆ ԶՈւ-ն նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով հրթիռներ է արձակել Սիրիայի վրա ի պատասխան այն բանի, որ այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադը «ապրիլի 4-ին քիմիական զենք է օգտագործել Սիրիայի Իդլիբ մարզի Խան Շեյխուն քաղաքում»:
Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը «Շայրաթ» ավիաբազայի վրա ԱՄՆ զինուժը 59 միավոր թևավոր հրթիռ է արձակել: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք հարվածել են ի պատասխան օրերս Իդլիբում նույն կառավարական ուժերի կողմից բնակիչների դեմ քիմիական զենք օգտագործելուն։ Ավելի վաղ սիրիական կողմը ևս հայտարարել է, որ ավիաբազան ԱՄՆ-ի արձակած հրթիռների հետևանքով նյութական կորուստներ ունի: