Մարտի 24-ի երեկոյան Սիրայի Համա քաղաքում ահաբեկիչների դեմ մղած մարտերի ժամանակ սպանվել է իրանցի զինծառայող Խաջեհ Սալեհանին։ Իսկ մարտի 25-ին Հալեպ քաղաքում սպանվել է Հոսեյն Մաազղոլամին։Այս մասին տեղեկացնում է իրանական «Qassemsoleimani.ir» կայքը (1,2)։
Սալեհանին եղել է Թեհրանի նահանգի Փաքդաշտ քաղաքի «Սեյիդ ալ շոհադա» բասիջիների ռազմաբազայի հրամանատարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Սիրիայում ևս 2 իրանցի զինծառայողի՝ Մոստաֆա Զալնեժադի և Մեհդի Նեյմայիի սպանության մասին։
Իրանը ժխտում է Սիրիայում իր մարտական ստորաբաժանումների առկայությունը՝ հայտարարելով, որ այնտեղ զոհվող իրանցիները կամավորներ են, և Իրանը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ: Սիրիայում Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը՝ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ:
Մարտին Իրանի շահիդների և վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում մինչև այժմ սպանվել է Իրանի կողմից ուղարկված 2100 մարտիկ։
Մահալաթին չէր մանրամասնել, թե այդ մարտիկները որ ազգության ներկայացուցիչներ են եղել։ Ըստ Reuters գործակալության` Իրանը Սիրիա է ուղարկում հիմնականում աֆղանցիներից և պակիստանցիներից կազմված ջոկատներ:
Մինչ այս՝ նոյեմբերին, Մահալաթին հայտարարել էր, որ միայն Սիրիայում Իրանի կողմից կռվող 1000-ից ավելի մարտիկ է զոհվել:
Ավելի վաղ՝ 2015թ. հունիսին հայտնի էր դարձել, որ Սիրիայում սպանվել է Իրանից ուղարկված շուրջ 400 մարտիկ՝ հիմնականում աֆղանցիներ: