Արցախի Մարտունի քաղաքում կառուցվել է բազմաբնակարան 4 շենք, որոնց բնակարանների մի մասը տրվելու է զինծառայողների ընտանիքներին: Մարտի 17-ին այս մասին տեղեկացրել է «Արցախպրես» գործակալությունը:
Շենքերն արդեն պատրաստ են և առաջիկայում հանձնվելու են շահագործման: Զինծառայողների ընտանիքներից բացի, շենքերի բնակարանների մի մասն էլ տրվելու է զոհված զինծառայողների և սոցիալապես անապահով ընտանիքներին:
Թաղամասում արդեն սկսվել է ևս երկու բազմաբնակարան շենքի կառուցում, իսկ դրանից բացի, կառուցվելու է ևս երկու շենք: Դրանք շահագործման կհանձնվեն 2 տարուց:
«Երկու շենքերի շինարարական աշխատանքներն արդեն 1 շաբաթ է, ինչ սկսվել են: Շենքերի նկուղային հարկերը նախատեսված են ապաստարանների համար:Կառուցվելիք շենքի բնակիչներն ևս ունենալու են խաղահրապարակ», — տեղեկացրել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Կարո Թովմասյանը:
Նշենք, որ այս շենքերի կառուցվում էին դեռևս 2015 թվականից, և դրանց կառուցման համար միջոցղները տրամադրել են բարերարները:
Ընդհանուր առմամբ, ՀՀ պաշտպանության նախարարությունը 2017 թվականի ընթացքում մտադիր է զինծառայողների ընտանիքներին հանձնել 91 բնակարան և կառուցել 10-ից ավելի բնակելի շենք Երևանում, Գյումրիում, Գորիսում, Կապանում, Վայքում, Ստեփանակերտում, Քարվաճառում և այլ բնակավայրերում:
ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել են, որ վերջին տասը տարիներին՝ 2007-2016 թթ, զինծառայողներին տրամադրվել է միջինը տարեկան 266 բնակարան: Սակայն 2017թ. հունվարի 10-ի դրությամբ բնակարան ստանալու համար հերթագրված է 3228 զինծառայող: