2017-ին ՀՀ ՊՆ-ից բնակարան կստանա 91 զինծառայող. Արմենպրես

2017 թվականի ընթացքում բնակարանով ապահովելու ծրագրով ՀՀ պաշտպանության նախարարությունը զինծառայողներին է տրամադրելու 91 բնակարան: Այս մասին ՀՀ ՊՆ-ն հայտնել է՝ ի պատասխան «Արմենպրես» գործակալության հարցմանը:

Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ վերջին տասը տարիներին՝ 2007-2016 թթ, զինծառայողներին տրամադրվել է միջինը 266 բնակարան: Սակայն 2017թ. հունվարի 10-ի դրությամբ բնակարան ստանալու համար հերթագրված է 3228 զինծառայող:

Պաշտպանության բանակի սպաների համար կառուցված բնակելի շենքերը՝ 176 բնակարաններով

Պաշտպանության բանակի սպաների համար կառուցված բնակելի շենքերը՝ 176 բնակարաններով (արխիվ)

2017-2018 թվականներին նախարարությունը նախատեսում է շահագործման հանձնել զինծառայողների համար կառուցված 15 բազմաբնակարան բնակելի շենք:

Մինչ այս՝ 2016-ի դեկտեմբերին, ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել էր, որ զինծառայողներին բնակարանով ապահովելու համար 2017 թվականին ՀՀ ՊՆ-ն նախատեսում է 10-ից ավելի բնակելի շենք կառուցել Երևանում, Գյումրիում, Գորիսում, Կապանում, Վայքում, Ստեփանակերտում, Քարվաճառում և այլ բնակավայրերում:

Պաշտոնյան հայտնել էր, որ բնակարանների մի մասը զինծառայողների կհանձնվի 2018 թվականին, իսկ 2017 թվականին շահագործման կհանձնվեն Երևանում կառուցված 14-հարկանի շենքը (71 բնակարանով), Սանասարում (Կուբաթլի) կառուցված շենքը՝ 50 բնակարանով, և երկու բնակելի շենք Հադրութում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *