2017-ին հայկական բանակի զինծառայողների համար կկառուցվի 10-ից ավելի բնակելի շենք

Զինծառայողներին բնակարանով ապահովելու համար 2017 թվականին Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է 10-ից ավելի բնակելի շենք կառուցել Երևանում, Գյումրիում, Գորիսում, Կապանում, Վայքում, Ստեփանակերտում, Քարվաճառում և այլ բնակավայրերում: Այս մասին ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը:

Պաշտպանության բանակի սպաների համար կառուցված բնակելի շենքերը՝ 176 բնակարաններով

Պաշտպանության բանակի սպաների համար կառուցված բնակելի շենքերը՝ 176 բնակարաններով (արխիվ)

Պաշտոնյան նշել է, որ բնակարանների մի մասը զինծառայողների կհանձնվի 2018 թվականին, իսկ 2017 թվականին շահագործման կհանձնվեն Երևանում կառուցված 14-հարկանի շենքը (71 բնակարանով), Սանասարում (Կուբաթլի) կառուցված շենքը՝ 50 բնակարանով, և երկու բնակելի շենք Հադրութում:

Վարչության պետն ամփոփել է նաև 2016 թվականին կատարված աշխատանքները և նշել, որ ապրիլյան մարտական գործողությունները որոշակի փոփոխություններ են մտցրել ծրագրերում: Մասնավորապես առաջնահերթ աշխատանքներ տարվել են պատերազմի հետևանքով վնասված շենքերի ու այլ կառույցների վերականգնմանը և ամրացմանը: Կառուցվել են նաև ուսումնական մասնաշենքեր ու այլ շինություններ, Խնձորեսկում շահագործման է հանձնվել զինավան, ավարտվել է նաև Իջևանի զինավանի շինարարությունը և այլն:

«Հայ Զինվոր» թերթին տված նախորդ հարցազրույցի ժամանակ՝ 2015-ի դեկտեմբերին, վարչության պետ Աշոտ Գրիգորյանը նշել էր, որ տարվա ընթացքում նախատեսվում է նոր բնակելի շենքեր կառուցել Երևանում, Գյումրիում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Ագարակում, Իջևանում, Մեհրաբում և Շահումյանում: Եվ բացի այդ, մեկական շենք էլ կվերակառուցվի ու կվերանորոգվի Կապանում և Վանաձորում:

Պաշտոնյան նշել էր, որ բնակարաններն արդեն պատրաստ կլինեն 2017 թվականին: Այդ տարի  պաշտպանության նախարարությունը նախատեսում է ՀՀ ԶՈւ սպաներին հանձնել 393 բնակարան, որից 83-ը՝ Երևանում:

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա 2016 թվականի ընթացքում ևս հայկական բանակի զինծառայողներին է հանձնվել մի քանի բնակելի շենք: Մասնավորապես փետրվարի 16-ին Մատաղիսում ՊԲ սպաներին էին հանձնել նոր բնակելի շենք՝ 24 բնակարանով: Նույն օրը Բակո Սահակյանը մասնակցել էր Մարտակերտում զինծառայողների համար նախատեսված ևս մեկ բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությանը:

ՊԲ սպաների համար նախատեսված բնակարանների հանձնման հանդիսավոր արարողություն Արցախի Մատաղիսում 16.02.2016թ.

ՊԲ սպաների համար նախատեսված բնակարանների հանձնման հանդիսավոր արարողություն Արցախի Մատաղիսում 16.02.2016թ.

Հոկտեմբերի 31-ին էլ Արցախի ղեկավարը Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի սպաների և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար կառուցվելիք նոր բազմահարկ բնակելի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը:

Իսկ դեկտեմբերի 8-10-ին Սյունիք և Արցախ կատարած այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև զորանոցները, զինավանները և զինծառայողների համար կառուցված բնակելի շենքերը հանձնելու հանդիսավոր արարողությունների (1, 2, 3, 4):

One response to “2017-ին հայկական բանակի զինծառայողների համար կկառուցվի 10-ից ավելի բնակելի շենք

  1. Pingback: 2017-ին ՀՀ ՊՆ-ից բնակարան կստանա 91 զինծառայող. Արմենպրես | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *