2016 թվականին ԻՊ-ն կորցրել է վերահսկած տարածքների քառորդը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը 2016 թվականին կորցրել է Սիրիայում և Իրաքում վերահսկած տարածքների 23 տոկոսը. նրա վերահսկած տարածքը հունվարին ունեցած 78 հազար քառակուսի կիլոմետրից նվազել է մինչև 60 հազար քառակուսի կմ-ի։ Այս մասին ասվում է IHS Markit վերլուծական կենտրոնի՝ հունվարի 18-ին հրապարակված զեկույցում։

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր

Ըստ կենտրոնի վերլուծաբան Քոլամբ Սթրաքի՝ չնայած  ԻՊ-ին հաջողվել է վերագրավել Պալմիրան, այնուամենայնիվ  նրա ունեցած կորուստները «աննախադեպ» են։

Անդրադառնալով Մոսուլի ազատագրման գործողություններին՝ վերլուծաբանը կարծիք է հայտնել, որ  2017 թվականի առաջին կեսին Իրաքի կառավարական բանակին կհաջողվի ազատագրել  Մոսուլը, սակայն իսլամիստների կողմից իրենց մայրաքաղաղաք  հռչակված  Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրումը դեռ երկար կտևի։

Հիշեցնենք, որ հետազոտական կենտրոնի նախորդ զեկույցի համաձայն՝ 2016 թվականի հուլիսի դրությամբ իր վերահսկողության տակ ունեցած 78 հազար քառակուսի կիլոմետր տարածքից ԻՊ-ին էր մնացել 68,3 հազար քառակուսի կիլոմետր տարածք:

Հիշեցնենք նաև, որ  դեկտեմբերի 11-ին ԻՊ-ն վերանվաճեց Հոմս նահանգի Պալմիրա քաղաքը, որը կառավարական զորքերը կարողացել էին ազատագրել 2016-ի մարտին։

Նշենք նաև, որ  հոկտեմբերի 17-ից  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլ քաղաքի և հարակից տարածքների ազատագրման գործողությունն են սկսել  Իրաքի կառավարական ուժերը, որոնց օրերս հաջողվեց ազատագրել Մոսուլի արևելյան հատվածը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *