Թուրքիայում կրկին բարձրաստիճան զինվորական են ձերբակալել

Հունվարի 19-ին թուրքական ոստիկանությունը «գյուլենականության» մեջ մեղադրվող զինվորականների հետաքննության շրջանակներում կալանքի տակ է վերցրել Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի՝ Թեքիրդաղում տեղակայված 8-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի շտաբի պետին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

8-րդ մեխանիզացված բրիգադը Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 1-ին բանակի կազմում է, որը հիմնականում վերահսկում է Թուրքիայի արևմտյան, մասնավորապես Հունաստանի հետ սահմանը:

Թուրքիայում 2016 թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ դրա մեղավորը ԱՄՆ-ում ապրող ազգությամբ թուրք քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի՝ թուրքական զինուժում ծառայող կողմնակիցներն են: Հենց սրանից հետո «գյուլենականության» մեղադրանքով ձերբակալվեցին բազմաթիվ զինծառայողներ, այդ թվում՝ բարձրաստիճան: Միայն հեռացված գեներալների թիվն անցնում է 150-ից, իսկ գնդապետների թիվը՝ մի քանի հարյուրից:

Դրանից բացի, ավելի քան 20 հազար զինծառայող է հեռացվել միայն ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերից: Զինվորականներ հեռացվել են նաև ժանդարմերիայից և առափնյա անվտանգության հրամանատարությունից: Այս կառույցներն իրենց հերթին հեղաշրջման փորձից հետո դրվել են ներքին գործերի նախարարությւան վերահսկողության տակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *