Տարեսկզբից ԻՊ-ն Սիրիայում և Իրաքում կորցրել է տարածքների 12 տոկոսը (քարտեզ)

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը 2016-ի տարեսկզբից կորցրել է Սիրիայում և Իրաքում իր վերահսկած տարածքների 12 տոկոսը: Այս մասին ասվում է IHS Janes վերլուծական կենտրոնի՝ հուլիսի 11-ին հրապարակված զեկույցում:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկած տարածքի կորուստները 2015 հունվար — 2016 հուլիս ժամանակահատվածում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկած տարածքի կորուստները 2015 հունվար — 2016 հուլիս ժամանակահատվածում

Այնուամենայնիվ՝ 2016թ հուլիսի 4-ի դրությամբ «Իսլամական պետության» վերահսկողության տակ է 68,3 հազար քառակուսի կիլոմետր տարածք:

Զեկույցն անդրադարձել է նաև ԻՊ-ի ֆինանսական հասույթին, որը 2015-ի կեսերին ամսական մոտ 80 մլն դոլար էր, իսկ 2016-ի մարտին նվազել էր մինչև 56 մլն դոլար և շարունակում է նվազել:

Չնայած տարածքների կորուստներին՝ «Իսլամական պետությունը» կարողանում է բավական կոշտ դիմադրություն ցույց տալ իր դեմ կռվող Սիրիայի և Իրաքի կառավարական ուժերին: Մասնավորապես հունիսի 22-ին ԻՊ զինյալները պարտության են մատնել Սիրիայի կառավարական ուժերի խմբավորմանը Ռաքքայի մոտակայքում և հետ են շպրտել մի քանի տասնյակ կիլոմետր:

Քանի որ կորցրած տարածքների պատճառով ԻՊ-ի վերահսկած որոշ տարածքներ անջատվում են հիմնական կենտրոնից, ԻՊ կառավարման ընդհանուր համակարգը խնդիրներ է ունենում, ինչի պատճառով, ըստ զեկույցի հեղինակ Քոլումբ Սթրաքի՝ ԻՊ-ն կփոխի իր գործելաոճը և նոր ահաբեկչություններ կկազմակերպի ինչպես Սիրիայում և Իրաքում, այնպես էլ այլ վայրերում, ներառյալ Եվրոպան: Սա հաստատում է նաև ԻՊ-ի՝ Բաղդադում հուլիսի 3-ին իրականացրած ահաբեկչական պայթյունը, որի պատճառով զոհվել են հարյուրավոր մարդիկ:

Հետազոտական կենտրոնի նախորդ զեկույցի համաձայն՝ 2015թ. հունվարից մինչև դեկտեմբերի 15 ԻՊ-ն կորցրել էր վերահսկած տարածքների 14 տոկոսը: Խոսքը վերաբերում էր մասնավորապես Թուրքիայի հետ Սիրիայի հյուսիսային սահմանի տարածքներին, ներառյալ սահմանների հատման կետը , որով ճանապարհ էր բացվում դեպի Ռաքքա: Այս կորուստներից հետո ԻՊ-ն ուներ 78 հազար քառակուսի կիլոմետր գրաված տարածք:

Հոդվածի հեղինակ Ժաննա Վարդանյան