Օդաչուները և ավիատեխնիկները լքում են Վրաստանի ԶՈւ շարքերը. վրացական ԶԼՄ-ներ

Վրաստանի զինված ուժերի օպտիմալացման ծրագրի  համատեքստում քննարկվում է ԶՈւ սպառազինությունում առկա Սու-25 գրոհիչների պարկի վաճառքի կամ կոնսերվացիայի հարցը։ Ըստ վրացական  Rustavi 2 հեռուստաալիքի՝ որոշ օդաչուներ և ավիատեխնիկներ արդեն լքել են Վրաստանի ԶՈւ-ն, իսկ ոմանք կրճատման տակ հայտնված անձանց ցուցակում են։

Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Շալվա Ջաբահիձեն հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ վրացական գրոհային ավիացիայի ճակատագրի մասին որոշումը կընդուվի «Վրաստանի ազգային շահերին համապատասխան»։

Միաժամանակ Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Իռակլի Սեսիաշվիլին հայտարարել է, որ « այս թեմայով քննարկումներ են ընթանում միջազգային գործընկերների հետ»։ Նշենք, որ ավելի վաղ արդեն բարձրացվել էր Սու-25 գրոհիչներից հրաժարվելու հարցը։

Վրաստանի ԶՈւ Սու-25 ՈւԲ ուսումնամարտական ինքնաթիռ

Վրաստանի ԶՈւ Սու-25 ՈւԲ ուսումնամարտական ինքնաթիռ

Հիշեցնենք, որ Վրաստանի ԶՈւ սպառազինությունում այժմ կա 12 Սու-25, որոնք հասել են իրենց շահագործման ժամկետի ավարտին։ Վրաստանի զինված ուժերն առանձին ռազմաօդային ուժեր չունեն:

Որպես առանձին զորատեսակ՝ ՌՕՈւ-ն կրճատվել է 2010 թվականին, իսկ մարտական ինքնաթիռները փոխանցվել են ցամաքային զորքերին, որտեղ էլ ձևավորվել է ավիացիոն բրիգադ՝ կազմված ուղղաթիռային և ինքնաթիռային էսկադրիլիաներից:

Մինչ այս իր նույն Սու-25 գրոհիչներից մի քանիսն էլ Վրաստանը վաճառել է Ադրբեջանին: 2015-ին Ադրբեջանին են փոխանցվել 15 ինքնաթիռ, ինչպես նաև դրանց նորոգման տեխնոլոգիաներ:

Ավելի վաղ հայտնի էր, որ 2002-ին Վրաստանն Ադրբեջանին է վաճառել 6 միավոր Սու-25 գրոհիչ, իսկ 2005-ին՝ ևս 6 միավոր Սու-25 գրոհիչ և 1 միավոր Սու-25ՈւԲ ուսումնամարտական ինքնաթիռ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *