Սիրիայի զինուժը ԻՊ դեմ մարտերում Դեր Զորում որոշակի հատվածներ է կորցրել

Հունվարի 16-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պաշարել են Սիրիայի արևելյան հատվածում՝ Դեր Զոր քաղաքից արևմուտք տեղակայված Սիրիայի կառավարական ուժերի ռազմաօդային բազան՝ այդպիսով կտրելով այն կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից: 

Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ակտիվ մարտեր են ընթանում Դեր Զորի մոտակայքում՝ մասնավորապես ռազմաբազա տանող ճանապարհին:

Համացանցերում տարածված տեղեկությունների համաձայն՝ զինյալները երկու մասի են բաժանել Ասադի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքը, գրավել մի քանի ռազմավարական բարձունքներ:

Սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը հայտնում է, որ կառավարական ուժերը մարտեր են մղում ԻՊ զինյալների գրաված տարածքների վրա վերահսկողություն սահմանելու համար: Ավելի վաղ նույն օրը կառավարական ուժերը ԻՊ հետ բախումների են գնացել Դեր Զորից հարավ և դեպի ռազմաբազա տանող ճանապարհի 2 կողմերում: Միևնույն ժամանակ կառավարական բանակն ու Ռուսաստանի օդուժը հարվածում են ԻՊ դիրքերին:

Դեր Զորի մոտակայքում և Ջաբալ աս-Սարդա շրջանում կառավարական ուժերը ոչնչացրել են ԻՊ-ի ստորգետնյա 3 թաքստարան՝ զենք և զինամթերքի հետ միասին:

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնել է, որ ԻՊ զինյալներին հաջողվել է մոտենալ ռազմաբազային և գրավել այդ հատվածում գտնվող նախկին զորամասի տարածքը:

Ըստ աղբյուրի՝ հունվարի 14-ին Սիրիական կառավարական ուժերը կասեցրել են ԻՊ զինյալների հարձակումը ռազմաբազայի հարավային և հյուսիսարևմտյան ուղղություններով: Բախումների ժամանակ սպանվել է ԻՊ 30 զինյալ:

Նշենք, որ Դեր Զոր նահանգը և հարակից շրջանները գրեթե ամբողջությամբ գտնվում են ԻՊ վերահսկողության ներքո: Այդ հատվածում կառավարական ուժերի վերահսկողության տակ է գտնվում միայն Դեր Զոր նահանգի ադմինիստրատիվ կենտրոնը, ինչպես նաև վերոնշյալ ռազմաբազան:

Միևույն ժամանակ Սիրիայի կառավարական ուժերը հիմնականում վերահսկում են երկրի արևելյան, հարավ-արևելյան շրջանները և կտրված են Դեր Զորից: Այս տեսանկյունից նշված շրջանում վերահսկողությունը պահպանելը ռազմավարական նշանակություն ունի Սիրիայի կառավարարական ուժերի համար:

2015 թ. ԻՊ-ն պաշարել էր Դեյր Զոր քաղաքը, սակայն այնտեղ գտնվող կառավարամետ ուժերը մինչ օրս կարողանում են վերահսկողությունը փոփոխական հաջողություններով պահպանել:

Հիշեցնենք, որ 2014 թ. սեպտեմբերին «Իսլամական պետություն» խմբավորումը պայթեցրել էր Սիրիայի Դեր Զոր շրջանի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, որտեղ ամփոփված էին Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները։

4 responses to “Սիրիայի զինուժը ԻՊ դեմ մարտերում Դեր Զորում որոշակի հատվածներ է կորցրել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 15 – 21 հունվարի, 2017 | Ռազմ.info

  2. Pingback: Դեր Զորում փոխադարձ հաջողություններով շարունակվում են Սիրիայի բանակի և ԻՊ մարտերը | Ռազմ.info

  3. Pingback: Սիրիայի բանակը մարտեր է մղում Դեր Զորում կորցրած տարածքները վերականգնելու համար | Ռազմ.info

  4. Pingback: Սիրիայի զինուժը շարունակում է մարտերը Դեր Զորում ԻՊ զինյալների դեմ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *