Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 15 – 21 հունվարի, 2017

Հունվարի 15-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող • Հայտնի է դարձել 2017 թ․ Ադրբեջանի ՊՆ թաքցրած առնվազն մեկ կորստի մասին • Ադրբեջանի ԶՈւ-ն առաջնագծին մոտ ականանետներով վարժանքներ է անցկացնում • Ադրբեջանը նոր սպառազինություն գնելու համար բանակցում է Ռուսաստանի հետ • Ադրբեջանում շահագործման է հանձնվել իսրայելական արտադրության 3-րդ պարեկային կատերը • Ահաբեկչական կառույցների անդամակցելու համար Ադրբեջանը 58 անձի զրկել է քաղաքացիությունից • Վրաստանը ռազմական կարիքների համար աջակցություն է ստանալու Թուրքիայից • Օդաչուները և ավիատեխնիկները լքում են Վրաստանի ԶՈւ շարքերը • Իրանական ռազմանավերը ստիպված կանգնել են Հարավային Աֆրիկայում վերանորոգման • Իրանում նշանակվել է ՌԾՈւ հյուսիսային տարածաշրջանի նոր հրամանատար • Թուրքիան ու Ռուսաստանը առաջին համատեղ գործողությունն են իրականացրել Սիրիայում • Թուրքիայի «Ալթայ» տանկի շարժիչների խնդիրը չի լուծվում • ԱՄՆ օդուժը հարվածել է թուրքական զինուժի դեմ կռվող ԻՊ դիրքերին • Թուրքիայում կրկին բարձրաստիճան զինվորական են ձերբակալել • ԻՊ դեմ մարտերն ավարտելուց հետո ուժերը կկենտրոնացնենք քրդերի դեմ. Էրդողան • Թուրքիան երկու օրում ունի 3 զինծառայողի, 4 թուրք հատուկջոկատային ոստիկանի կորուստ • Թուրքիան կրկին հարվածել է Իրաքում քրդերի դիրքերին • Թուրքիան հայտնում է Սիրիայում ԻՊ զինյալներ սպանելու մասին • Թուրքիան Սիրիայում ԻՊ դեմ բախումներում տվել է առնվազն 5 սպանված, 9 վիրավոր • «Ահրար ալ-Շամ» խմբավորումը հրաժարվել է մասնակցել Աստանայի բանակցություններին • 2016 թվականին ԻՊ-ն կորցրել է վերահսկած տարածքների քառորդը • Իրաքի կառավարական բանակն ազատագրել է Մոսուլի արևելյան մասը • Ավտովթարում մահացել է Տաջիկստանի ԶՈւ ԳՇ պետը • Տաջիկստանում շարունակվում է հակաահաբեկչական զորավարժությունների շարքը• Ուկրաինան Ռուսաստանում տեսչական ստուգումներ է անցկացնում • Ս-400 համակարգը Ղրիմում անցել է մարտական հերթապահության • Ռուսաստանը Հյուսիսային Օսիայում անցկացնում է հրամանատարական վարժանքներ

Ադրբեջանի նախագահը ծանոթացել է սահմանապահ պետծառայության S-203 պարեկային կատերին ● PKK-ի զինյալները Դիարբեքիրում թուրքական ոստիկանության հատուկջոկատայիններ տեղափոխող մեքենա են պայթեցրել ● Ադրբեջանի ԶՈւ-ն վարժանքներ է իրականացնում՝ իսրայելական արտադրության ականանետերով

Ադրբեջանի նախագահը ծանոթացել է սահմանապահ պետծառայության S-203 պարեկային կատերին ● PKK-ի զինյալները Դիարբեքիրում թուրքական ոստիկանության հատուկջոկատայիններ տեղափոխող մեքենա են պայթեցրել ● Ադրբեջանի ԶՈւ-ն վարժանքներ է իրականացնում՝ իսրայելական արտադրության ականանետերով

Ադրբեջան / Վրաստան

• Հունվարի 15-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի Արցախի շփման գծում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող  Բեշիրով Ֆիքրեթ Նուրշիրավան օղլուի (Bəşirov Fikrət Nurşiravan oğlu) սպանվելու մասին։

• Հունվարի 14-15-ին, նախնական տվյալներով սրտի կանգի հետևանքով, մահացել է Ադրբեջանի ՌԾՈւ զինծառայող, նավաստի Մամեդով Ֆամիլ Շամիլ օղլուն (Məmmədov Famil Şamil oğlu)։ Նույն ժամանակահատվածում հակատանկային ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Ղազախլար գյուղի բնակիչ Նամազով Շաքիրինը (Namazov Şakirin)։ Սակայն ստույգ փաստեր չկան, որ ապացուցեն Նամազովի զինվորական լինել կամ չլինելը։

• Ադրբեջանում ստուգվում է առաջնագծի մոտ տեղակայված ԶՈւ ականանետային ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը: Լեռնաանտառային և հարթավայրային շրջաններում իրականացվում են վարժանքներ՝ իսրայելական արտադրության 120 մմ տրամաչափի Cardom ավտոմատ ականանետների կիրառմամբ:

Ադրբեջանի ԶՈւ-ն վարժանքներ է իրականացնում՝ իսրայելական արտադրության ականանետներով

Ադրբեջանի ԶՈւ-ն վարժանքներ է իրականացնում՝ իսրայելական արտադրության ականանետներով

• Հունվարի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ադրբեջանը Ռուսաստանի հետ բանակցում է նոր սպառազինության գնման համար, հետաքրքրված է ռուսաստանյան արտադրության ուղղաթիռներով, պաշտպանական տեխնոլոգիաներով»:

• Հունվարի 13-ին Ադրբեջանի նախագահն այցելել է երկրի պետական սահմանապահ ծառայության՝ Թյուրքան ավանում գտնվող նավերի կառուցման և վերանորոգման կենտրոն և ծանոթացել իսրայելական արտադրության 3-րդ սերնդի Shaldag Mk V արագընթաց 3-րդ պարեկային կատերին:

• Հունվարի 16-ին Ադրբեջանի միգրացիայի պետական ծառայության պետը հայտնել է, որ 2016 թ. ընթացքում ադրբեջանական իրավապահ մարմինները տեղեկություններ են փոխանցել արտասահմանում ահաբեկչական կառույցների անդամակցող Ադրբեջանի 58 քաղաքացիների մասին: Նրանց զրկել են քաղաքացիությունից։

• Թուրքիայի և Վրաստանի կառավարությունների միջև ռազմական ֆինանսական աջակցության մասին պայմանագրի համաձայն՝ թուրքական կողմը ռազմական կարիքների համար Վրաստանին հատկացնելու է 1,5 միլիոն թուրքական լիրա (մոտ 400 հազար դոլլար), որով վրացական կողմը ռազմական արտադրանք ու ծառայություններ է գնելու հենց Թուրքիայից։

Թուրքական արտադրության «Էժդեր» ՀՄՄ-ն Վրաստանի ԶՈւ սպառազինությունում։

Թուրքական արտադրության «Էժդեր» ՀՄՄ-ն Վրաստանի ԶՈւ սպառազինությունում։

• Վրաստանի զինված ուժերի օպտիմալացման ծրագրի  համատեքստում քննարկվում է ԶՈւ սպառազինությունում առկա Սու-25 գրոհիչների վաճառքի կամ կոնսերվացիայի հարցը։ Ըստ վրացական  Rustavi 2 հեռուստաալիքի՝ որոշ օդաչուներ և ավիատեխնիկներ արդեն լքել են Վրաստանի ԶՈւ-ն, իսկ ոմանք կրճատման տակ հայտնված անձանց ցուցակում են։

 

Իրան

• Իրանական 44-րդ նավատորմիղը՝ կազմված «Ալվանդ» ռազմանավից և «Բուշեհր» թիկունքային ապահովման նավից, վերանորոգումների համար կանգ է առել հարավային Աֆրիկայի Դուրբան նավահանգստում։ Պատճառն այն է, որ անսարքությունների վերացման համար վերանորոգումներ է անցնում «Բուշեհր» ռազմանավը:

Իրանական «Բուշեհր» և «Ալվանդ» նավերը Հարավային Աֆրիկայի Դուրբան նավահանգստում

Իրանական «Բուշեհր» և «Ալվանդ» նավերը Հարավային Աֆրիկայի Դուրբան նավահանգստում

• Իրանի բանակի ռազմածովային ուժերի կասպյան՝ չորրորդ տարածաշրջանի նոր հրամանատար է նշանակվել առաջին կարգի կապիտան (գնդապետ) Ահմադ Ռեզա Բաղերին, ով այս պաշտոնում փոխարինել է դերծովակալ Աֆշին Ռեզայի Հեդադին։

 

Թուրքիա

• Հունվարի 18-ի երեկոյան թուրքական կողմը հայտնել է, որ առաջին անգամ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թուրքական զինուժի հետ համագործակցությամբ ավիահարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին: Նույնը հաստատել է նաև ՌԴ ԶՈւ ներկայացուցիչը։

• Թուրքիայի՝ շարժիչների արտադրության և վաճառքի «Թյումոսան» (Tümosan) ընկերությունը դադարեցրել է տեղական արտադրության «Ալթայ» տանկերի շարժիչների արտադրության նախագծի շուրջ համագործակցությունը ավստրիական AVL List ընկերության հետ։

• ԱՄՆ օդային ուժերը Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թիրախներին՝ ի պատասխան Թուրքիայի զինուժին չաջակցելու վերաբերյալ թուրքական կողմի բողոքների:

• Հունվարի 19-ին թուրքական ոստիկանությունը «գյուլենականության» մեջ մեղադրվող զինվորականների հետաքննության շրջանակներում կալանքի տակ է վերցրել Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի՝ Թեքիրդաղում (Հունաստանի սահմանի մոտ) տեղակայված 8-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի շտաբի պետին:

• Հունվարի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Սիրիայում թուրքական զինուժի գործողությունների մասին՝ հայտարարելով, որ «Իսլամական պետության» դեմ հարձակումն ավարտին հասցնելուց հետո ողջ ուժերը կնետեն տեղի քրդական կառույցների դեմ:

• Հունվարի 14-ին Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ Թուրքիայի ԶՈւ գործողությունների ժամանակ սպանվել է երկրի ժանդարմերիայի հատուկ նշանակության գումարտակի 2 զինծառայող, 2 զինծառայող էլ վիրավորվել է:

PKK-ի զինյալները Դիարբեքիրում թուրքական ոստիկանության հատուկջոկատայիններ տեղափոխող մեքենա են պայթեցրել

PKK-ի զինյալները Դիարբեքիրում թուրքական ոստիկանության հատուկջոկատայիններ տեղափոխող մեքենա են պայթեցրել

• Հունվարի 16-ի երեկոյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգում պայթեցվել է թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ուժեր տեղափոխող զրահապատ մեքենա, ինչի հետևանքով սպանվել է 4, վիրավորվել՝ 2 ոստիկան։

• Հունվարի 18-ին Թուրքիայի ՌՕ ուժերը կրկին ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային հատվածում՝ Քանդիլի լեռներում, տեղակայված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

• Հունվարի 18-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ շարունակվող մարտերում թուրք զինծառայողները հունվարի 17-ին սպանել են ԻՊ 17 զինյալ: Իսկ հունվարի 20-ին ԻՊ զինյալները պայթուցիկով լի մեքենայով հարձակվել են Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտ տեղակայված թուրքական ստորաբաժանումների վրա: Նախնական տվյալներով թուրքական կողմը տվել է 5 սպանված և 9 վիրավոր:

Թուրքիայի ԶՈւ տանկերը և Սիրիայի թուրքմեն զինյալները՝ Ջերաբլուսի ճամփին

Թուրքիայի ԶՈւ տանկերը և Սիրիայի թուրքմեն զինյալները՝ Ջերաբլուսի ճամփին

 

Սիրիա / Իրաք / Այլ

• Սիրիայում գործող «Ահրար ալ-Շամ» իսլամիստական խմբավորումը հրաժարվել է մասնակցել Ղազախստանի մայրաքաղաքում սիրիական հակամարտության շուրջ առաջիկա բանակցություններին: Խմբավորումը դժգոհում է, որ Սիրիայում «հրադադարը չի պահպանվում»:

• «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը 2016 թվականին կորցրել է Սիրիայում և Իրաքում վերահսկած տարածքների 23 տոկոսը. նրա վերահսկած տարածքը հունվարին ունեցած 78 հազար քառակուսի կիլոմետրից նվազել է մինչև 60 հազար քառակուսի կմ-ի։

• Հունվարի 15-ին՝ երկու օր տևած մարտերից հետո, Իրաքի կառավարական բանակը ամբողջովին ազատագրել է Մոսուլ քաղաքի համալսարանի տարածքը: Համալսարանի տարածքը ականապատված է, կատարվում են ականազերծման աշխատանքներ:

• ԻՊ դեմ մարտերի ամբողջ ընթացքում Իրաքի կառավարական բանակը 90 %-ով ազատագրել է Մոսուլ քաղաքի արևելյան մասը: Մարտերը շարունակվում են Մոսուլի մնացած մասի համար:

Իրադրությունը Մոսուլում 2017-ի հունվարի 17-ի դրությամբ

Իրադրությունը Մոսուլում 2017-ի հունվարի 17-ի դրությամբ

• Հունվարի 16-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պաշարել են Սիրիայի արևելյան հատվածում՝ Դեր Զոր քաղաքից արևմուտք տեղակայված Սիրիայի կառավարական ուժերի ռազմաօդային բազան՝ այդպիսով կտրելով այն կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից:

• Հունվարի 18-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ավտովթարի հետևանքով մահացել է երկրի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Զարիֆ Բոբոկալոնովը։ Գեներալ Բոբոկալոնովն այդ պաշտոնում նշանակվել էր ուղիղ 3 տարի առաջ՝ 2014 թ․ հունվարի 18-ին։

• Տաջիկստանում տեղակայված ռուսաստանյան 201-րդ ռազմաբազայի հրետանավորները  զորավարժության ընթացքում պայմանական ահաբեկիչներին հայտնաբերելուց, նրանց կոորդինատները և շարժման արագությունը ճշտելուց հետո  2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներով  ոչնչացրել են նրանց։

• Ուկրաինան Ռուսաստանին հարցում է ուղարկել 2011 թ. ստորագրված «Վիեննայի փաստաթղթով» անվտանգության և վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակում ՌԴ Ռոստովի շրջանում ռազմական գործունեության մասշտաբները ստուգելու նպատակով տեսչական ստուգումներ անցկացնելու վերաբերյալ:

• Ղրիմում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի 4-րդ զենիթահրթիռային գունդը Ս-400 «Տրիումֆ»  զենիթահրթիռային համալիրներով անցել է մարտական հերթապահության։

ՌԴ 201-րդ ռազմաբազան Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում

ՌԴ 201-րդ ռազմաբազան Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում

• Հյուսիսային Օսիայում տեղակայված ՌԴ ԶՈւ առանձին մոտոհրաձգային բրիգադի բազայում 300 սպայի, 100 միավոր ռազմական տեխնիկայի ներգրավվմամբ սկսվել է հրամանատարական քառօրյա հավաք։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է անցկացնել 15 գործնական, 30 տեսական ու մեթոդական պարապմունք։

Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *