Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 6-ը՝ վիրավորվել

Դեկտեմբերի 7-ին «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները պայթուցիկով բեռնված մեքենա են պայթեցրել Հալեպից հյուսիս Ալ-Բաբ բնակավայրի մոտ Թուրքիայի զինուժի հատուկ նշանակության ուժերի գումարտակի դիրքավորման շրջանում:  Սպանվել է առնվազն 1, վիրավորվել՝ 6 թուրք զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

Վիրավորները տեղափոխվել են Թուրքիայի հարավային Քիլիս և Գազիանթեփ նահանգների հիվանդանոցներ:

Դեպքից հետո ԻՊ զինյալների և Թուրքիայի զինուժի միջև բախումներ են սկսել, որոշ տվյալներով դրանք դեռևս շարունակվում են:

Թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականի փոխանցմամբ՝ սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող:

Բացի այդ, Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Ալ-Բաբ բնակավայրում ԻՊ զինյալների դիրքերին, ինչի արդյունքում ոչնչացվել է ԻՊ զինյալների 12 թիրախ, ինչպես նաև 3 տանկ, 3 ապաստարան և այլ շենքեր, սպանվել է ԻՊ 23 զինյալ:  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Նշենք, որ վերջին շրջանում մեծացել են Թուրքիայի զինուժի կորուստները Սիրիայում ընթացող գործողությունների շրջանակներում: Միայն նոյեմբերի 24-26-ը Թուրքիայի ԶՈւ-ն ունեցել է 5 զինծառայողի կորուստ: Բացի այդ, նոյեմբերի 29-ին Սիրիայում անհետացել է երկրի ԶՈւ 2 զինծառայող, ովքեր, ըստ ԻՊ պնդման, գերի են վերցվել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

3 responses to “Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 6-ը՝ վիրավորվել

  1. Pingback: Սիրիայում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ ևս 5 զինծառայող | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող | Ռազմ.info

  3. Pingback: Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 7-ը՝ վիրավորվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *