Սիրիայում անհետացել է Թուրքիայի զինուժի 2 զինծառայող

Նոյեմբերի 29-ին Սիրիայում ընթացող Թուրքիայի զինուժի՝ «Եփրատի վահան գործողությունների ժամանակ անհետացել է երկրի ԶՈւ 2 զինծառայող: Նրանց գտնելու համար որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում: Այս մասին հայտնել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում: 

Նույն օրը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը համացանցում և սոցցանցերում սկսել է տեղեկություններ տարածել, որ ԻՊ զինյալներն են գերի վերցրել Թուրքիայի ԶՈւ զինծառայողներին: Ըստ այդ տեղեկությունների՝ դեպքը եղել է Հալեպից հյուսիս ընկած ալ-Բաբ բնակավայրի՝ Ազրաք գյուղի մոտակայքում:

Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեծացել են Թուրքիայի զինուժի կորուստները Սիրիայում ընթացող գործողությունների շրջանակներում:

Միայն նոյեմբերի 24-ին Սիրիայի հյուսիսում մահացել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, ևս տասը՝ վիրավորվել են: Այս առիթով թուրքական կողմը հայտնել էր, որ զինծառայողները մահացել են «Սիրիայի օդուժի ավիահարվածներից, իսկ Սիրիայի զինուժը հերքել է այս տեղեկության իսկությունը՝ միաժամանակ նշելով, որ Թուրքիան սրանով փորձում է նախապատրաստվել Հալեպ ներխուժելուն:

Թուրքիայի ԶՈւ կորուստների թիվը նոյեմբերի 25-ին ավելացել է ևս մեկով և կազմել է 4 զինծառայող: Նոյեմբերի 26-ին հայտնի է դարձել, որ Սիրիայում սպանվել է Թուրքիայի զինուժի ևս 1 զինծառայող, ևս 3-ը վիրավորվել են: Ամփոփելով կարող ենք նշել, որ միայն նոյեմբերի 24-26-ը Թուրքիայի ԶՈւ-ն ունեցել է 5 զինծառայողի կորուստ:

Թուրքիայի ԶՈւ տանկերը Սիրիայի հյուիսային Ջերաբլուս շրջանում:

Թուրքիայի ԶՈւ տանկերը Սիրիայի հյուիսային Ջերաբլուս շրջանում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է: