Հալեպում մահացել է Ռուսաստանի զինված ուժերի գնդապետ

Դեկտեմբերի 7-ին Սիրիայի Հալեպ քաղաքում սիրիական «ընդդիմության» զինյալների հրետակոծությունից ստացած վնասվածքներից մահացել է Ռուսաստանի ԶՈւ զինծառայող, ռազմական խորհրդատու գնդապետ Ռուսլան Գալիցկին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հիշեցնենք, որ ռուսաստանյան կողմի հաղորդմամբ, նույն «ընդդիմադիրները» դեկտեմբերի 5-ին կրակել էին ՌԴ ԶՈւ շարժական հոսպիտալի վրա, ինչի հետևանքով սպանվել է երկու ռազմաբժիշկ, ևս մեկը՝ վիրավորվել:

Սիրիայի «ընդդիմադիրների» հարցում բավականին լուրջ տարաձայնություններ կան Սիրիայի իշխանությունների և նրանց դաշնակիցների, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի, ինչպես նաև Թուրքիայի մոտ: Յուրաքանչյուր կողմ ընտրել է «իրեն հարմար» խմբավորումներ, որոնց օժանդակում է:

Հալեպ. 2016 սեպտեմբեր

Հալեպ. 2016 սեպտեմբեր

Սակայն եթե դեռ 2016 թ. հոկտեմբերի դրությամբ զինյալները բավականին ամուր դիրքեր ունեին Հալեպի որոշ հատվածներում, ապա արդեն նոյեմբերի կեսերին Սիրիայի բանակը զարգացրեց առաջխաղացումը Հալեպի հյուսիսարևելյան շրջաններում, և արդեն նոյեմբերի վերջին վերահսկողություն հաստատեց արևելյան Հալեպի մեծ մասի վրա: Ներկայում սիրիական բանակը ռուսաստանյան օդուժի աջակցությամբ շարունակում է առաջխաղացումը Հալեպում:

Սիրիական բանակի գործողություններին զուգընթաց ՄԱԿ-ում առաջ էր քաշվել Հալեպում հրադադար հաստատելու մասին բանաձև: Սակայն Ռուսաստանը և Չինաստանը կիրառել են իրենց վետոյի իրավունքը:

One response to “Հալեպում մահացել է Ռուսաստանի զինված ուժերի գնդապետ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 4 դեկտեմբեր – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *