Դեկտեմբերի 7-ին Սիրիայի Հալեպ քաղաքում սիրիական «ընդդիմության» զինյալների հրետակոծությունից ստացած վնասվածքներից մահացել է Ռուսաստանի ԶՈւ զինծառայող, ռազմական խորհրդատու գնդապետ Ռուսլան Գալիցկին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հիշեցնենք, որ ռուսաստանյան կողմի հաղորդմամբ, նույն «ընդդիմադիրները» դեկտեմբերի 5-ին կրակել էին ՌԴ ԶՈւ շարժական հոսպիտալի վրա, ինչի հետևանքով սպանվել է երկու ռազմաբժիշկ, ևս մեկը՝ վիրավորվել:
Սիրիայի «ընդդիմադիրների» հարցում բավականին լուրջ տարաձայնություններ կան Սիրիայի իշխանությունների և նրանց դաշնակիցների, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի, ինչպես նաև Թուրքիայի մոտ: Յուրաքանչյուր կողմ ընտրել է «իրեն հարմար» խմբավորումներ, որոնց օժանդակում է:
Սակայն եթե դեռ 2016 թ. հոկտեմբերի դրությամբ զինյալները բավականին ամուր դիրքեր ունեին Հալեպի որոշ հատվածներում, ապա արդեն նոյեմբերի կեսերին Սիրիայի բանակը զարգացրեց առաջխաղացումը Հալեպի հյուսիսարևելյան շրջաններում, և արդեն նոյեմբերի վերջին վերահսկողություն հաստատեց արևելյան Հալեպի մեծ մասի վրա: Ներկայում սիրիական բանակը ռուսաստանյան օդուժի աջակցությամբ շարունակում է առաջխաղացումը Հալեպում:
Սիրիական բանակի գործողություններին զուգընթաց ՄԱԿ-ում առաջ էր քաշվել Հալեպում հրադադար հաստատելու մասին բանաձև: Սակայն Ռուսաստանը և Չինաստանը կիրառել են իրենց վետոյի իրավունքը:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 4 դեկտեմբեր – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info