Արևելյան Հալեպի գրավումը կտրուկ կփոխի ուժային բալանսը հօգուտ Ասադի. Հայկ Քոչարյան

Թուրքիայի զինուժը արդեն շուրջ 100 օր է, ինչ Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ է իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, ինչպես նաև Սիրիայի քրդական ուժերի դեմ և շարժվում է դեպի Հալեպից հյուսիս ընկած Ալ-Բաբ բնակավայր: Միաժամանակ Սիրիայի կառավարական բանակը հաջողություններ է գրանցում Հալեպի արևելյան հատվածներում:

Թեմայի և դեպքերի հնարավոր զարգացումների մասին Razm.info-ն զրուցել է արաբագետ-իսլամագետ Հայկ Քոչարյանի հետ:

Քոչարյանը նշեց, որ Էրդողանի վերջին հայտարարությունները, Թուրքիայի զինուժի առաջախաղացումը դեպի Ալ-Բաբ և Սիրիայի կառավարական ուժերի հաջողությունները Հալեպի արևելյան հատվածներում փոխկապակցված են միմյանց հետ են և պայմանավորված են Ալ-Բաբ բնակավայրի ստարատեգիական նշանակության հետ:

«Ալ-Բաբի ստրատեգիական նշանակությունը Սիրիայի հյուսիսում կոմունիկացիաներ վերահսկելու տեսանկյունից շատ կարևոր է, և այդ պատճառով էլ Թուրքիայի զինուժը ու աջակից խմբերը փորձելու են անպայման Ալ-Բաբի նկատմամբ վերահսկողություն սահմանել:

Մյուս կողմից Հալեպի արևելյան հատվածի զգալի մասի վերանվաճումը կառավարական ուժերի կողմից ստեղծում է մի իրավիճակ, որ պետք է կտրուկ փոփոխի ուժային բալանսը հօգուտ Ասադի զորքերի»:

Ըստ Քոչարյանի՝ հենց Ասադի հաջողություններն են ստիպում են Թուրքիային ավելի կոշտ հայտարարություններ անել և ավելի ընդգծված, բացահայտ միջամտել սիրիական ճգնաժամին:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք առճակատում կլինի Սիրիայի կառավարական ուժերի և Թուրքիայի ԶՈւ միջև, Քոչարյանը նշեց.  

«Դա մի քիչ դժվար է պատկերացնել, որովհետև արդեն երկու պետությունների միջև բացահայտ պատերազմ կնշանակի, իսկ մինչ այս պահը չկա բացահայտ պատերազմ  [երկու պետությունների միջև], կա ահաբեկչության դեմ պայքարը»:

Սակայն, ըստ Քոչարյանի՝ կողմերը կփորձեն խուսափել անմիջական բախումներից:

Անդրադառնալով նոյեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որ Թուրքիայի զինուժի նպատակը Սիրիայում Բաշար ալ-Ասադի իշխանությանը վերջ դնելն է, արաբագետ Հայկ Քոչարյանը նշեց, որ Թուրքիան կարող է նման հայտարարությունները որպես զսպող գործիք օգտագործել:

«Եթե գոյության խնդիրը Ասադի համար լինի առճակատումը կամ մահը, պարզ է, որ առճակատման կգնա, այսինքն դա վախի հարց չէ այլ հաշվարկներ են այս պահին, որոնք դեռևս հնարավորության են տալիս հայտարարության մակարդակով էլ բավարարվել»,-նշեց Քոչարյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին թուրքագետ Լևոն Հովսեփյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Էրդողանի հայտարարությունը կարող է լինել Թուրքիայի ուղերձը՝ կապված Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացման հետ:

Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը, մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը, նշել է, որ պրակտիկայում կողմերը առաջնորդվում են, ոչ թե ինչ-որ մեկի միակողմանի հայտարարություններով, այլ այն համաձայնություններով, որոնք ձեռք են բերվել ՌԴ և Թուրքիայի նախագահների հանդիպումների ժամանակ:

Անդրադառնալով ռուսաստանյան կողմի արձագանքներին՝ արաբագետ Քոչարյանը նշեց, որ այդ դրանք տեղավորվում են սպասվածի սահմաններում, սակայն գործնական մակարդակում նկատվում է, որ այդ բոլոր ուժերի միջև կա որոշակի համաձայնություն՝ կապված Արևելյան Հալեպի հետ, և նաև այն հարցի հետ կապված, թե ինչ են անելու Սիրիայի ընդդիմադիրներին:

Ավելացնենք, որ Թուրքիան աջակցում է Հալեպում, հատկապես՝ հենց արևելյան հատվածում գործող որոշ ընդդիմադիրների:

Խոսելով Ռուսաստանի և Թուրքիայի՝ Սիրիայի ճգնաժամի շուրջ համաձայնություններին, Քոչարյանը նշեց, որ Սիրիան այն թեմաններից մեկն է, որի շուրջ Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են ոչ միայն միմյանց, այլև տարածաշրջանի բոլոր ուժերի հետ:

«Այս համատեքստում կարևոր է այն, որ արդեն նաև Թուրքիայի ֆիզիկական ներկայությունը սիրիական հողում, այն ծանրակշիռ հանգամանքն է, որը պետք է հաշվի առնեն բոլոր ուժերը, որոնք ներգրավված են սիրիական ճգնաժամի հանգուցալուծման քննարկումների մեջ»:

Քոչարյանը միաժամանակ ընդգծեց, որ Ռուսաստանը չի կարող Սիրիայի շահերի անտեսման հաշվին համաձայնության գալ Թուրքիայի հետ: 

«Միաժամանակ չպետք է մոռանալ, որ կա նաև Սիրիայի կառավարությունը՝ Ասադի գլխավորությամբ, որի շահերը ոչ միշտ են համընկնում ռուսական շահերի հետ: Այսինքն դեռ միանշանակ չէ, որ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնվեն՝ հարցը լուծվում է», -նշեց Քոչարյանը:

Որպես սրա հաստատում արաբագետը բերեց այն օրինակը, որ Դամասկոսը չհամաձայնեց Սիրիայի կազմում քրդական ֆեդերացիայի ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկին: Դա պայմանավորված է նրանով, որ ըստ Ասադի կառավարության, քրդերի շահերը չեն համապատասխանում պետության շահերին: Ուստի Ռուսաստանը հաշվի է առնում նաև Ասադի մոտեցումները: 

Նշենք, որ նոյեմբերի 30-ին Թուրքիայում ազգային անվտանգության խորհրդի նիստին ընդունված արձանագրությունում նշվում է, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» և Սիրիայում՝ Թուրքիայի բնորոշմամբ, այդ կուսակցության թևը համարվող «Ժողովրդավարական միություն կուսակցությանը», (PYD) և դրա ռազմական թևին՝«Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատին», թույլ չի տրվելու Սիրիայում միջանցք ստեղծել: 

Քոչարյանն այս մասին, նշեց, որ Թուրքիան բացի Ասադի ուժերին դիմակայելուց նաև լուծում է իր քրդական հարցը Սիրիայի հյուսիսում:

«Մյուս կարևոր գործոնը, որը կա այդ ուժերի միջև, Սիրիայում քրդական բավականին ազդեցիկ անկլավն է: Եթե Թուրքիայի զինուժը և աջակիցները Ալ-Բաբը կարողանան վերցնել, սա հետագայում Սիրիայի կոնֆիգուրացիայի քննարկման մեջ Թուրքիային շատ լուրջ առավելություն կտա»:

Ամփոփելով՝ արաբագետը նշեց, որ Սիրիական ճգնաժամի հանգուցալուծումը պետք է լինի Սիրիայում ստեղծված բոլոր ուժային կենտրոնների երկխոսության միջոցով:  

«Սիրիայում ստեղծված բոլոր ուժային կենտրոնների երկխոսությամբ է հնարավոր կայուն իրավիճակ ստեղծել և հասնել խնդրի հանգուցալուծման:

Հակառակ պարագայում տարածաշրջանային խաղացողների կողմից պարտադրված լուծումը որոշակի ժամանակ հետո կարող է բերել ավելի արյունահեղ առճակատման այդ տարածքում»:

Թուրքիայի ԶՈւ տանկերը Սիրիայի հյուիսային Ջերաբլուս շրջանում:

Թուրքիայի ԶՈւ տանկերը Սիրիայի հյուիսային Ջերաբլուս շրջանում:

Նշենք, որ սիրիական ճգնաժամը սկսել է 2011 թվականից: Մինչև այժմ Սիրիայի կառավարական զորքերը բախումների են գնում տարբեր ռազմական խմբավորումների զինյալների հետ:

Հիշեցնենք, որ 2016 թ. օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել էՍիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

4 responses to “Արևելյան Հալեպի գրավումը կտրուկ կփոխի ուժային բալանսը հօգուտ Ասադի. Հայկ Քոչարյան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 27 նոյեմբեր – 3 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայում ՌԴ ԶՈւ շարժական հոսպիտալի վրա հարձակումից սպանվել է ռազմաբժիշկ | Ռազմ.info

  3. Pingback: Ռուսաստանը և Չինաստանը արգելափակել են ՄԱԿ-ում Սիրիայի հարցով բանաձևի ընդունումը | Ռազմ.info

  4. Pingback: Հալեպում մահացել է Ռուսաստանի զինված ուժերի գնդապետ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *