Թուրքիան տանկեր է ուղարկել Հալեպից հյուսիս Ալ-Բաբի շրջան

Դեկտեմբերի 6-ին Սիրիայում «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Թուրքիայի զինուժը երկրի հարավային Քիլիս նահանգի Էլբեյլի գավառից տանկեր, ռազմական տեխնիկա և անձնակազմ է ուղարկել Հալեպից հյուսիս Ալ-Բաբ բնակավայրի մոտակայք: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի զինուժը տանկեր և այլ ռազմատեխնիկա է ուղարկել Հալեպից հյուսիս Ալ-Բաբի շրջան:

Թուրքիայի զինուժը տանկեր և այլ ռազմատեխնիկա է ուղարկել Հալեպից հյուսիս Ալ-Բաբի շրջան:

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 2-րդ բանակի Ադանայում տեղակայված 6-րդ կորպուսի հրամանատարությունից և երկրի արևմտյան նահանգներից տանկային և մեխանիզացված հետևակային ստորաբաժանումներ, ինժերական ստորաբաժանումների գերմանական արտադրության Լեոպարդ-2Ա4 (Leopard 2A4) տանկեր, զրահափոխադիրիչներ, թուրքական արտադրության «Քիրփի» (kirpi) զրահամեքենաներ և ենթասպաներից, սպաներից և մասնագետ սերժանտներից կազմված հատուկ ստորաբաժանումներ Սիրիայի հյուսիսային Չոբանբեյ բնակավայրով տեղափոխվել են Ալ-Բաբի շրջան:

Թուրքիայի ԶՈւ ՑԶ 2-րդ բանակի ստորաբաժանումները տեղակայված են Թուրքիայի՝ Սիրիայի, Իրաքի և Իրանի հետ սահմաններին հարող տարածքներում: Բացի այդ, 2-րդ բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում են կենտրոնացած «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հիմնական ուժերը: 2-րդ բանակի շտաբը տեղակայված է Մալաթիայում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Ադանայում տեղակայված Թուրքիայի ԶՈւ զորամասերից մեկից 4 միավոր Տ-155 «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգ է ուղարկվել թուրք-սիրիական սահման:

Վերջին շրջանում թուրքական զինուժը ոչ միայն մոտեցել է Սիրիայի Ալ-Բաբ քաղաքին, այլև հայտարարում է առավել հեռահար նպատակների մասին: Մասնավորապես խոսքը քրդերի վարհսկողության տակ գտնվող Մանմբիջ քաղաքը գրավելու, Հալեպի նկատմամբ որոշակի վերահսկողություն հաստատելու մասին է:

Նշենք, որ մյուս կողմից էլ Սիրիայի կառավարական բանակը Հալեպի արևելյան հատվածում նոյեմբերի կեսերից հաջողություններ է գրանցում, ինչն էլ հավանաբար անհանգստացնում է Թուրքիայի իշխանություններին: Մասնավորապես, երբ Սիրիայի բանակը նոյեմբերի վերջին վերահսկողություն հաստատեց արևելյան Հալեպի մեծ մասի վրա, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայի զինուժը Սիրիայում է այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունը տապալելու համար:

Թուրքական զրահատեխնիկան Սիրիայի թուրքմենական խմբավորումների հետ՝ Ջերաբլուսի մոտակայքում

Թուրքական զրահատեխնիկան Սիրիայի թուրքմենական խմբավորումների հետ՝ Ջերաբլուսի մոտակայքում

Սիրիական ճգնաժամը սկսել է 2011 թվականից: Մինչև այժմ Սիրիայի կառավարական զորքերը բախումների են գնում տարբեր ռազմական խմբավորումների զինյալների հետ:

2016 թ. օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

Վերջին շրջանում Սիրիայում ընթացող գործընթացների, թուրքական կողմի հայտարարությունների մասին առավել մանրամասն՝ հետևյալ հոդվածներում:

One response to “Թուրքիան տանկեր է ուղարկել Հալեպից հյուսիս Ալ-Բաբի շրջան

  1. Pingback: Թուրքիան ևս 300 հատուկջոկատային է ուղարկում Սիրիա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *