Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 4 – 10 դեկտեմբերի, 2016

Ռազմինֆոն ամփոփել է ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի նոյեմբերին • 2017-ի հունվարի 1-ին Ադրբեջանում կմեկնարկի ձմեռային զորակոչը • Ստամբուլում պայթյունի հետևանքով սպանվել է շուրջ 30 ոստիկան • Նախատեսվում է բացել Վրաստանի և ԱՄՆ զինված ուժերի համատեղ ուսումնական կենտրոն • Նորվեգացի հրահանգիչները Վրաստանում անցկացրել են «Ցուրտ ձմեռ» դասընթաց • Իրանն ավարտել է «Թարեղ» սուզանավի վերանորոգումը • Ադրբեջանի ՊՆ ռազմական ոստիկանության պետն ազատվել է պաշտոնից • Վերանորոգումից հետո շահագործման է հանձնվել Իրանի «Խարք» ռազմանավը • Իրանի ՌԾՈւ-ն համալրվել է վերանորոգված նավաքարշով․ վերանորոգված ուղղաթիռներով և օդային բարձիկով նավով • Իրանում «Բասիջի» նոր հրամանատար է նշանակվել • Իրանը զորավարժություն կանցկացնի երկրի հարավում • Իրանի բանակը և ԻՀՊԿ-ն համատեղ զորավարժություններ են անցկացրել • Իրանի արևմուտքում ահաբեկչական խումբ է վնասազերծվել • Թուրքիայում փորձարկել են տեղական արտադրության ՀՕՊ համակարգ • Սիրիայում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ ևս 5 զինծառայող • Թուրքիան շարունակում է զենք կուտակել Սիրիայի սահմանին • Թուրքիայի և ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում • Թուրքական օդուժը ռմբակոծել է Դիարբեքիրի շրջանում քրդերի դիրքերը • Հունաստանը հրաժարվել է արտահանձնել Թուրքիայից փախած զինվորականներից 3-ին  • Թուրքիայի ՊՆ լրտես-արբանյակը դուրս է բերվել ուղեծիր • Բաշար Ասադ. Ռազմական տեսանկյունից Հալեպում հաղթողը կհաղթի Սիրիայում • Սիրիայի բանակն ազատագրել է Հին Հալեպի կենտրոնը • Հալեպի մոտակայքում զինյալները խոցել են Սիրիայի օդուժի ինքնաթիռ • ԱՄՆ գլխավորած կոալիցիան 50 հազար ԻՊ զինյալ է ոչնչացրել • Սիրիայում 3 հազար զինյալ հանձնել է զենքերը  • Հալեպի արևելքում 100 հազար մարդ է ահաբեկիչների գերությունից ազատվել • Սիրիայում ՌԴ ԶՈւ շարժական հոսպիտալի վրա հարձակումից սպանվել է ռազմաբժիշկ • Հալեպում մահացել է Ռուսաստանի զինված ուժերի գնդապետ • Հարավային Օսիայում ՌԴ ԶՈւ զինծառայողները դաշտային վարժանքներ են անում • Մեկնարկել է Ռուսաստան–Տաջիկստան համատեղ զորավարժություն • Ռուսաստանը և Պակիստանը համատեղ վարժանքներ են անցկացրել Սև ծովում • Ռուսաստանը և Չինաստանը արգելափակել են ՄԱԿ-ում Սիրիայի հարցով բանաձևի ընդունումը • Միջերկրական ծովում կործանվել է Ռուսաստանի ԶՈւ ավիակրի ևս մեկ ինքնաթիռ • ՌԴ ԶՈւ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի ինքնաթիռները կարող են տեղափոխվել Հմեյմիմ • ԱՄՆ-ն մեծ քանակի սպառազինություն կմատակարարի արաբական 4 երկրի • Բրիտանացիները տասնյակ տարիներ շարունակ լրտեսել են իսրայելցի պաշտոնյաներին

Նորվեգացի հրահանգիչները վրաստանցի զինծառայողների համար հատուկ դասընթաց են անցկացրել • Թուրքական արտադրության «ՀԻՍԱՐ» ՀՕՊ համակարգի արձակման կայան Հալեպի համայնապատկեր. Լուսանկարը՝ Reuters գործակալության • Պակիստանի ՌԾՈւ «Ալամգիր» ֆրեգատը՝ Սև ծովում ՌԴ նավատորմի հետ վարժանքի ընթացքում

Նորվեգացի հրահանգիչները վրաստանցի զինծառայողների համար հատուկ դասընթաց են անցկացրել • Թուրքական արտադրության «ՀԻՍԱՐ» ՀՕՊ համակարգի արձակման կայան Հալեպի համայնապատկեր. Լուսանկարը՝ Reuters գործակալության • Պակիստանի ՌԾՈւ «Ալամգիր» ֆրեգատը՝ Սև ծովում ՌԴ նավատորմի հետ վարժանքի ընթացքում

Ադրբեջան/Վրաստան

• Ռազմինֆոն բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2016թ. նոյեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք:

Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանով հրամանով պաշտոնից ազատվել է ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ազադ Աղաևը (Azad Ağayev):

• Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2017թ. հունվարի 1-ից 30-ը Ադրբեջանի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու և ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողներին պահեստազոր զորացրելու մասին հրամանագիրը:

• Դեկտեմբերի 6-ին Թբիլիսիում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Մայքլ Քարփենթերին: Կողմերը ստորագրել են 2016–2019թթ. երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության մասին փաստաթուղթ:

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Մայքլ Քարփենթերը:

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Մայքլ Քարփենթերը:

• ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնում վրաստանցի զինծառայողներն անբարենպաստ բնակլիմայական պայմաններում գործելու վերապատրաստման դասընթացներ են անցնում: «Ցուրտ ձմեռ» մեկշաբաթյա դասընթացը կազմակերպել է ձմեռային մարտական գործողությունների նորվեգական կենտրոնը:

Իրան

• Իրանը վերանորոգել է «Պալտուս» 877 նախագծի «Թարեղ» սուզանավը: Նույն դասի «Յունուս» սուզանավը դեռ վերանորոգման փուլում է: Իսկ դեկտեմբերի 6-ին Իրանի նավահանգստային Բանդար Աբաս քաղաքում շուրջ 2 տարվա վերանորոգումից հետո ջուրն է իջեցվել «Խարք» ռազմանավը: Իրանի նավահանգստային Բանդար Աբաս քաղաքում վերանորոգումից հետ ջուրն է իջեցվել «Ռուդ է զարինե» նավաքարշ շոգենավը:

Իրանական «Խարք» ռազմանավը

Իրանական «Խարք» ռազմանավը

Իրանի բանակի ռազմածովային ուժերը շահագործման են հանձնել  3 միավոր վերանորոգված  Sikorsky SH-3 ուղղաթիռ և օդային բարձիկով նավ:

• Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հրամանով բրիգադային գեներալ Ղոլամհոսեին Ղեիբփարվարը նշանակվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» կազմավորման հրամանատարի պաշտոնում:

• Դեկտեմբերի 8-9-ը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Բեյթ օլ մողադաս», «Իմամ Հոսեին», «Աշուրա» գումարտակների 15 հազար զինծառայողների ներգրավվածությամբ զորավարժություն կանցկացվի Իրանի հարավային Բանդար Աբաս քաղաքի մոտ:

Դեկտեմբերին 5-ին Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և բանակի ռազմաօդային ու ցամաքային ուժերը համատեղ որոնողափրկարարական զորավարժություն են անցկացրել Իրանի հարավային Շիրազ քաղաքում:

• Իրանի հետախուզության և անվտանգության ուժերը երկրի արևմուտքում վնասազերծել են 3 հոգանոց ահաբեկչական խումբ: Ահաբեկչական խումբը հայտնաբերվել է Իրան ներթափանցելու փորձի ժամանակ: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ ահաբեկիչները «Իսլամական պետություն»  խմբավորման անդամ են եղել:

Թուրքիա

• Դեկտեմբերի 5-ին «Գյոքթյուրք-1» հետախուզական արբանյակը ֆրանսիական Գվիանայի տիեզերական արձակման կայանից «Վեգա» հրթիռ կրիչով դուրս է բերվել ուղեծիր։ Սարքը իտալական և ֆրանսիական ընկերությունները պատրաստել են Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվերով՝ այդ երկրի ԶՈւ կարիքների համար:

• Հունական դատարանը մերժել է Թուրքիայից ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած զինվորականներից 3-ին արտահանձնելու հայցը: Զինվորականների թվում են 2 մայոր և մեկ ավագ սերժանտ:

• Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հետևել է տեղական արտադրության միջին հեռահարության «ՀԻՍԱՐ-Օ» հակաօդային պաշտպանության համակարգի փորձարկումների վերջին փուլին:

• Դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլի Բաշիքթաշ շրջանում 2 պայթյուն է եղել Թուրքիայի ոստիկանության արագ արձագանքման ուժերի գտնվելու վայրում: Նախնական տվյաներով սպանվել է 38 անձ, այդ թվում՝ 30 ոստիկան։

Պայթյուն Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում՝ 10,12,2016թ.:

Պայթյուն Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում՝ 10,12,2016թ.:

• Դեկտեմբերի 8-ին Հալեպից հյուսիս Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում Թուրքիայի զինուժի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների բախումներում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող:

• Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի նահանգում տեղակայված ԶՈւ ցամաքային զորքերի 11-րդ հատուկ նշանակության բրիգադի հրամանատարությունից 300 զինծառայողներ ուղարկվել են թուրք-սիրիական սահման՝ Սիրիայում ընթացող «Եփրատի վահան» գործողությանը մասնակցելու համար:

• Ադանայում տեղակայված Թուրքիայի ԶՈւ զորամասերից մեկից 4 միավոր Տ-155 «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգ է ուղարկվել թուրք-սիրիական սահման:

• Դեկտեմբերի 6-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը երկրի հարավային Ադանա նահանգի «Ինջիլիք» ավիաբազայում հանդիպել է ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդին:

• Դեկտեմբերի 6-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են հարավարևելյան Դիրաբեքիր նահանգի Հանի բնակավայրի մոտ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերը: Ոչնչացվել է 1 զինապահեստ, ևս մեկ թաքստոց:

• Դեկտեմբերի 6-ին Սիրիայում «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Թուրքիայի զինուժը երկրի հարավային Քիլիս նահանգի Էլբեյլի գավառից տանկեր, ռազմական տեխնիկա և անձնակազմ է ուղարկել Հալեպից հյուսիս Ալ-Բաբ բնակավայրի մոտակայք:

Մերձավոր Արևելք/այլ

• Դեկտեմբերի 8-ին արաբական «Ալ-Վաթան» պարբերականին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն անդրադարձել է Հալեպի ազատագրման գործողությունների նշանակությանը՝ Սիրիայում զինյալների, ահաբեկիչների դիրքերի թուլացման տեսանկյունից: Ասադը նշել է, որ Հալեպի ազատագրման արդյունքում կթուլանան զինյալներին աջակցող ուժերի, մասնավորապես՝ Թուրքիայի դիրքերը:

Դեկտեմբերի 6-7-ին Սիրիայի կառավարական և դաշնակից ուժերը Հալեպում զինյալների վերահսկողությունից ազատագրել են ևս 7 թաղամաս, այդ թվում՝ Հին Հալեպի կենտրոնը, արևելյան շրջանների հիմնական մասը: Ներկայում Սիրիայի կարևորագույն քաղաքներից մեկի զգալի մասը կառավարական ուժերի վերահսկողության տակ է:

Հալեպի հին կենտրոնը՝ զինյալների վերահսկողությունից հետո

Հալեպի հին կենտրոնը՝ զինյալների վերահսկողությունից հետո

• Դեկտեմբերի 2-ին Սիրիայում՝ Հալեպի արևելքում, ահաբեկչական խմբավորումների զինյալները խոցել են Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող L-39 Albatros (Լ-39 Ալբատրոս) ուսումնամարտական ինքնաթիռ:

• ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան անցած երկու տարվա ընթացքում Մերձավոր Արևելքում ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շուրջ 50 հազար զինյալի: Այս մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի անանուն աղբյուրը:

• Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից Հան ալ-Շիհ քաղաքում 3 հազար զինյալ վայր է դրել զենքերը և ուղևորվել Իդլիբ նահանգ։ Զինյալները կառավարական ուժերին են հանձնել 500 միավոր հրաձգային զենք, դիպուկահար հրացաններ և 120 մմ տրամաչափի ականանետներ։

• Սիրիայի կառավարական ուժերին դաշնակից ուժերի հետ միասին հաջողվել է Հալեպի արևելյան շրջաններում ահաբեկիչների վերահսկողությունից ազատել 100 հազար մարդու: Այս մասին դեկտեմբերի 5-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի նիստի ժամանակ, հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:

• Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում տեղակայված ռուսաստանյան զինված ուժերի շարժական հոսպիտալի վրա կրակել են, ինչի հետևանքով սպանվել է մեկ ռազմաբժիշկ, ևս երկուսը՝ վիրավորվել են: Ռուսաստանյան կողմը մեղադրում է «ընդդիմադիրներին»:

Դեկտեմբերի 7-ին Սիրիայի Հալեպ քաղաքում սիրիական «ընդդիմության» զինյալների հրետակոծությունից ստացած վնասվածքներից մահացել է Ռուսաստանի ԶՈւ զինծառայող, ռազմական խորհրդատու գնդապետ Ռուսլան Գալիցկին:

• Ռուսաստանի ԶՈւ` Ղրղզստանում տեղակայված «Կանտ» ավիաբազայի Սու-25ՍՄ գրոհիչները տեղափոխվել են Տաջիկստան` Ռուսաստան-Տաջիկստան համատեղ հակաահաբեկչական զորավարժությանը ներգրավվելու համար:

Դեկտեմբերի 8-ին Սև ծովում համատեղ վարժանքներ են անցկացրել Ռուսաստանի և Պակիստանի ռազմածովային ուժերի ռազմանավերը: Պակիստանյան կողմից վարժանքներին ներգրավվել է «Ալամգիր» ֆրեգատը: Ռուսաստանը ներգրավել է Նովորոսիյսկում տեղակայված ՌԾՈւ բազան, մեկ ականազերծով և մեկ պարեկանավ:

Դեկտեմբերի 5-ին Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան 4-րդ ռազմաբազայի շուրջ 1500 զինծառայող մեկնարկել են լայնամասշտաբ դաշտային վարժանքներ, որոնց ներգրավված է 500 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա:

• Դեկտեմբերի 5-ին Ռուսաստանը և Չինաստանը դեմ են քվեարկել Հալեպում 7-օրյա հրադադար հաստատելու մասին բանաձևին: Այն կոչ էր անում դադադրեցնել բոլորի տեսակի ռազմական գործողությունները, այդ թվում՝ հարվածները «Իսլամական պետություն», «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների դիրքերին:

• Դեկտեմբերի 3-ին Միջերկրական ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս վթարվել է ՌԴ ռազմածովային ուժերի Սու-33 կործանիչ:

ՌԴ ԶՈւ Սու-33 կործանիչները «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա:

ՌԴ ԶՈւ Սու-33 կործանիչները «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա:

ՌԴ ռազմածովային ուժերի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի տեխնիկական խնդիրների պատճառով նավի վրա տեղակայված ավիախումբը կարող է տեղափոխվել Սիրիայի Հմեյմիմ ավիաբազա: Վերջին մեկ ամսում ավիակրի վրա վայրէջք կատարելիս երկու ռազմական ինքնաթիռ է վթարվել:

• ԱՄՆ-ն մտադիր է շուրջ 8 մլրդ դոլարի սպառազինություն վաճառել Սաուդյան Արաբիային, Կատարին, Մարոկկոյին և Արաբական միացյալ էմիրություններին (ԱՄԷ):

• ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի՝ ֆրանսիական Le Monde լրատվակայքին փոխանցած փաստաթղթերի համաձայն՝ բրիտանական հատուկ ծառայությունները տարիներ շարունակ լրտեսել են Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *