Թուրքիայի ՊՆ-ն շարունակում է «թարմացնել» զինուժի հրամկազմը

Թուրքիայի պաշտպանության նախարարի հրամանագրով 15 գեներալ և 2 ծովակալ նոր պաշտոններում են նշանակվել ԶՈւ ցամաքային զորքերում, ռազմածովային և ռազմաօդային ուժերում: Հրամանագիրը օգոստոսի 8-ին հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկատուում (T.C. Resmi gazete):

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի թիքունքային ապահովման հրամանատար է նշանակվել ցամաքային զորքերի 55-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սինան Յայլան (Sinan Yayla), ռազմական ակադեմիաների հրամատար է նշանակվել ցամաքային զորքերի 52-րդ զրահատանկային դիվիզիայի հրամանատար, գեներալ-լեյտնենատ Ռաֆեթ Սեվինչ Շաշմազը (Rafet Sevinç Şaşmaz):

Բացի այդ ցամաքային զորքերի 1-ին բանակի շտաբի պետ է նշանակվել Սամսուն նահանգի կայազորի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մեհմեթ Գյոքթանը (Mehmet Göktan), Հայաստանի հետ սահմանին տեղակայված 3-րդ բանակի շտաբի պետ է նշանակվել 66-րդ մեխանիզացված բրիգադի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քեմալ Բաշակը (Mehmet Göktan):

1-ին բանակի վերահսկողության ներքո Թուրքիայի արևմտյան շրջաններն են, շտաբը տեղեկայված է Ստամբուլում: Ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում այս բանակի հրամանատարը հավատարիմ մնաց իշխանությունը, ինչը թույլ տվեց խուսափել Թուրքիայի ամենախոշոր քաղաքում առավել ուժեղ բախումներից: 2-րդ բանակը՝ Թուրքիայի հարավարևելյան (քրդաբնակ) տարածքներում, շտաբը՝ Էրզինջանում է: Ի տարբերույթւոն 1-ին բանակի՝ այս բանակի հրամանատարը և հրամկազմի հիմնական մասը մասնակցում էին խոռովությանը, ինչի պատճառով ներկայումս ձերբակալված են:

Ռազմածովային ուժերում նշանակումները հետևյալն են.

Էգեյան ծովի ափին տեղակայված «Աքսազ» ռազմածովային բազայի հրամանատար է նշանակվել ռազմածովային ակադեմիայի հրամանատար, դերծովակալ Ալի Չեքիչը (Ali Çekiç), ռազմածովային ուժերի հետախուզության պետ է նշանակվել «Աքսազ» ռազմաբազայի հրամանատար, դերծովակալ Ջեմալեթթին Բոզդաղը (Cemalettin Bozdağ):

«Աքսազ» ռազմաբազան ենթարկվում է ռազմածովային  ուժերի Հարավային ծովային շրջանի հրամանատարությանը (շտաբը՝ Իզմիր), որը Թուրքիայի ռազմածովային ուժերի 4 հիմնական հրամանատարություններից մեկն է։ Նշենք, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է նաև ռազմաբազայի հրամանատար դերծովակալ Նամըք Ալփերը, իսկ ռազմաբազան առհասարակ համարվում էր խռովարարների հիմնական կենտրոններից մեկը:

Թուրքիայի ԶՈւ ռազմօդային ուժերի՝ Դիարբեքիրում տեղակայված  8-րդ ավիաբազայի հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Քադիրջան Քոթթաշը (Kadircan Kottaş): 8-րդ ավիաբազան համարվում է Թուրքիայի ՌՕՈւ ամենախոշոր կենտրոններից մեկը: Հիմնականում այս ռազմաբազայի օդուժն է մասնակցում Իրաքի տարածքում, ինչպես նաև Թուրքիայի ներսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին ավիահարվածներին: Ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում այս ավիաբազան ևս խռովարարաների հիմնական կենտրոններից մեկն էր:

Նշենք, որ հուլիսի 28-ին Թուրքիայի բարձրագույն զինվորական խորհրդի ընդունած որոշումների համաձայն՝ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի 2-րդ հրամանատարի պաշտոնում նշանակվել  է ցամաքային զորքերի 1-ին բանակի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարը (Ümit Dündar), Ժանդարմերիայի հրամանատար է նշանակվել ԶՈւ գլխավոր շտաբի 2-րդ հրամանատար, բանակի գեներալ Յաշար Գյուլերը (Yaşar Güler):

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում եղել է ռազմական հեղաշրջման չստացված փորձ, որից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ:

One response to “Թուրքիայի ՊՆ-ն շարունակում է «թարմացնել» զինուժի հրամկազմը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 6-13 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *