Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի զոհերի վիճակագրություն

Թուրքիայում հուլիսի 15-16-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչ օրս հայտարարվել է իշխանության կողմնակից 246 սպանվածի մասին, այդ թվում մայրաքաղաք Անկարայում՝ 146 սպանվածի մասին։ Սպանված խռովարարների տվյալները հուլիսի 16-ից հետո թուրքական իշխանությունները փորձում են թաքցնել։ 246 սպանվածի անուն հրապարակվել է (1, 2) Ստամբուլի Թաքսիմ հրապարակում։

Ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալում են խռովարար զինվորականներին

Ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալում են խռովարար զինվորականներին

Անկարայի նահանգապետարանը իր հերթին օգոստոսի 9-ին հայտնել է, որ հուլիսի 15-ին նահանգի տարածքում մահացել է իշխանության 146 կողմնակից, այդ թվում՝ 56 ոստիկան, 2 զինվորական և 88 քաղաքացի։ Բացի այդ, նահանգի տարածքում բերման է ենթարկվել 5398 մարդ, որոնց մի մասին ազատ են արձակել, և ներկայումս դատական գործընթացով անցնող ձերբակալվածների թիվը հասնում է 615-ի։ Սակայն ազատ արձակվածների մի մասն ազատվել են աշխատանքներից, որոշների հանդեպ այլ տույժեր են կիրառել։

Անկարայում խռովարարներին աջակցելու մեղադրանքով փակվել են 74 տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ 88 դպրոց, 2 համալսարան, 11 լրատվամիջոց և այլն։ Աշխատանքից ազատվել է 3477 կասկածյալ։

Անդրադառնալով սպանված խռովարարներին՝ Անկարայի նահանգապետարանը նշել է, որ հուլիսի 15-ին մայրաքաղաքում սպանվել ռազմական հեղաշրջման փորձի մասնակից 23 զինվորական։

Հիշեցնենք՝ հուլիսի 19-ին թուրքական իշխանամետ լրատվամիջոցները հայտնել էին, որ ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով սպանվել է իշխանության 240 կողմնակից, այդ թվում՝ 173 քաղաքացիական, 62 ոստիկան, 5 զինվորական, իսկ սպանված խռովարարների թիվը հասնում է 24-ի: Ինչպես գիտենք, հիմնական բախումները Ստամբուլում և Անկարայում էին։ Ավելի ուշ՝ օգոստոսի 4-ին, Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը նաև հայտնել էր, որ հեռաշրջման փորձի հետևանքով սպանվել է 238 մարդ։

Այս տվյալների համադրությունից ստացվում է, որ Ստամբուլում սպանվել է ընդամենը 1 խռովարար, իշխանության 100 կողմնակից, այդ թվում՝ 6 ոստիկան և 3 զինվորական։ Սպանված ոստիկանների տվյալները համապատասխանում են Թուրքիայի ոստիկանության հրապարակած ցուցակի հետ, համաձայն որի՝ հուլիսի 15-ի գործողությունների հետևանքով սպանվել է 62 ոստիկան։

Մասնավորապես հուլիսի 16-ին Թուրքիայի ԶՈւ  գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար բանակի գեներալ Ումիդ Դյունդարը (ներկայումս՝ ԶՈւ ԳՇ պետի 1-ին տեղակալ) հայտնել էր, որ սպանվել է 104 խռովարար: Սակայն, ինչպես տեսնում ենք, սպանված խռովարարների թիվը հետագայում անհամեմատ նվազեցվել է, իսկ պատասխանատու պաշտոնյաները խուսափում են հստակ տվյալներ տրամադրել նրանց մասին։

Հավելենք՝ օգոստոսի 5-ին թուրքական «Հաբերլեր» լրատվակայքը հայտնել էր, որ Անկարայում ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության շենքում սպանված 16 խռովարար զինվորականներից 10-ի դիակները դեռևս ընտանքիներին չեն հանձնվել՝ պատճառաբանությամբ, որ նրանց ինքնությունը դեռ չի պարզվել։

Ավելի ուշ՝ օգոստոսի 8-ին, թուրքական «Հաբեր թյուրք» լրատվակայքը հայտնել էր, որ Անկարայի դիահերձարանւմ պահվող 2 և Ստամբուլի դիահերձարանում պահվող 3 խռովարարների դիակներ դեռևս ընտանիքներին չեն հանձնվել։ Այդ 5-ի թվում են մեկ մայոր և մեկ ավագ լեյտենանտ, մյուսների ինքնությունները առայժմ հայտնի չեն։ Սա արդեն ցույց է տալիս, որ Ստամբուլում սպանված խռովարարների թիվը 1-ից ավելի է։

Համադրելով տվյալները՝ ստանում ենք, որ հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով Թուրքիայում սպանվել է առնվազն շուրջ 350 մարդ, այդ թվում՝ շուրջ 110 զինվորական, 62 ոստիկան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *