Իրաքը չի բացառում ռուսական միջամտությունը, եթե Թուրքիան զորքերը դուրս չբերի

Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ, եթե Թուրքիան հրաժարվի իր զորքերը դուրս բերել Իրաքի տարածքից, ապա իրենք կարող են նաև ռազմական միջամտության համար դիմել Ռուսաստանին: Այս մասին հայտնում է արաբական Al-Araby Al-Jadeed լրատվակայքը:

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Վերոնշյալ լրատվակայքին տրված հարցազրույցում Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար, իշխող «Ազգային դաշինք» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հաքիմ ալ-Զամիլին նշել է, որ իրենք կարող են դիմել Ռուսաստանի ռազմական միջամտությանը՝ իբրև պատասխան Թուրքիայի գործողությունների, եթե վերջիններս չկատարեն Իրաքի ղեկավարության պահանջն ու զորքերը դուրս չբերեն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Թուրքիան շուրջ 150-հոգանոց հատուկ նշանակության գումարտակ և 20-ից 25 տանկ էր մտցրել Իրաքի տարածք՝ հայտարարելով, որ քայլը համաձայնեցված է այդ երկրի ղեկավրության հետ, ու թուրքական հատուկջոկատայինները Մոսուլի մոտ տեղակայված ռազմական ճամբարում պետք է մարզեն Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության Փեշմերգե զինված ուժերի մարտիկներին:

Սակայն ընդամենը մեկ օր անց՝ դեկտեմբերի 5-ին, Իրաքի կառավարությունը Թուրքիայից պահանջել էր դուրս բերել զորքերն իր տարածքից՝ դա համարելով Իրաքի ինքնիշխանության կոպիտ խախտում: Իրաքյան կողմը հերքել էր քայլն իրենց հետ համաձայնեցնելու մասին թուրքական պնդումները:

Իրաքյան կողմի կտրուկ հայտարարություններից հետո անգամ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ թուրքական ստորաբաժանումն արդեն սկսել է Փեշմերգեի մարտիկների մարզումները, ամեն բան շատ հաջող է ընթանում: Նա ընդամենն ավելացրել էր, որ Թուրքիան որևէ երկրի տարածքների նկատմամբ հավակնություններ չունի, սակայն իրենք շարունակելու են մարզել քրդական Փեշմերգեն:

2 responses to “Իրաքը չի բացառում ռուսական միջամտությունը, եթե Թուրքիան զորքերը դուրս չբերի

  1. Pingback: Իրաքյան Քրդստանի նախագահն ու պաշտպանության նախարարն այցելելու են Թուրքիա | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 6 – 12 դեկտեմբեր, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *