Թուրքիան հրաժարվում է դուրս բերել զորքերն Իրաքից՝ չնայած այդ երկրի ղեկավարության հայտարարություններին • Հրապարակվել է Թուրքիայի ԶՈւ թվաքանակը • ԱՄՆ-ն Թուրքիային չկառավարվող ռումբերը կառավարվողի վերածող սարքեր է վաճառելու • ՆԱՏՕ-ն կօժանդակի Թուրքիայի ՀՕՊ համակարգի զարգացմանը • Գերմանիայի՝ ԻՊ դեմ պայքարի համար անհրաժեշտ առաջին երկու հետախուզական ինքնաթիռներն արդեն Թուրքիայում են • Թուրքական՝ դեռևս նախագծման փուլում գտնվող բազմանպատակային ուղղաթիռները կունենան Rolls-Royce-ի շարժիչ • Թուրքիայի ԶՈւ-ն ստացել է պայմանագրով նախատեսված վերջին AEW&C ինքնաթիռը • Թուրքիայի ԶՈւ-ն սկսել է ստանալ TAI T129B հարվածային ուղղաթիռներ • Թուրքական «Ասելսանը» գիշերային տեսանելիության սարքեր է վաճառելու անհայտ պատվիրատուին • Թուրքիայում շարունակվող բախումներում կրկին զոհվել են թուրք ուժայիններ և քուրդ գրոհայիններ • Ամերիկյան ԿՀՎ-ն նախազգուշացրել է Թուրքիայում ռուսների դեմ նախապատրաստվող ահաբեկչության մասին • Թուրքիան շարունակում է պատ կառուցել Սիրիայի հետ սահմանին
• Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ եթե Թուրքիան հրաժարվի իր զորքերը դուրս բերել Իրաքի տարածքից, ապա իրենք կարող են նաև ռազմական միջամտության համար դիմել Ռուսաստանին: Իրաքի արտգործնախարարությունը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամ երկրներին, ինչպես նաև Արաբական լիգային երկրներին` խնդրելով միջամտել հարցին, առավել վաղ Իրաքը նաև դիմել էր ՆԱՏՕ-ին՝ խնդրելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա։
ԻՊ դեմ պայքարում միջազգային կոալիցիայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զորք չի մտցնի Իրաք՝ առանց այդ երկրի համաձայնության, և ոչ մի այլ երկիր ևս առանց Իրաքի համաձայնության չպետք է զորք մտցնի այնտեղ։ Դեկտեմբերի 9-ին Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին Թուրքիայում այդ երկրի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ իրենք կողմ են թուրքական ստորաբաժանումների տեղակայմանը։ Անցյալ շաբաթ Իրաքում իր հատուկջոկատայինների ավելացումից հետո Թուրքիան առայժմ դադարեցրել է ևս շուրջ 350 զինվորականներով համալրումը, որ նախատեսված էր այս շաբաթ։ Սակայն հրաժարվում է դուրս բերել եղած զորքերը, ինչը դեկտեմբերի 11-ին վերահաստատել է նաև Թուրքիայի նախագահը։
• Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը դեկտեմբերի 7-ին հրապարակել է զինված ուժերի թվաքանակի մասին տվյալները, ըստ որոնց՝ ԶՈւ անձնակազմը մոտ 600 հազար է, ինչը շուրջ 26,5 հազարով պակաս է նոյեմբերին հրապարակված ցուցանիշից:
• ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Թուրքիային շուրջ 70 մլն դոլար արժողությամբ JDAM համակարգերի վաճառքի պայմանագիրը։ Համակարգը նախատեսված է չկառավարվող ավիացիոն ռումբերը կառավարվող դարձնելու համար։
• ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Դաշինքը կօժանդակի Թուրքիայի հակաօդային պաշտպանության համակարգի զարգացմանը, ինչի նպատակով մինչև տարվա վերջ պետք է փաթեթ մշակվի։
• Գերմանիան ԻՊ դեմ պայքարի համար առաջին երկու հետախուզական, ինչպես նաև ևս երկու բեռնատար ինքնաթիռները տեղակայել է Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայում:
• Դեկտեմբերի 10-ին թուրքական TAI ընկերությունը դեռևս նախագծման փուլում գտնվող թեթև բազմանպատակային ուղղաթիռի շարժիչների գնման համար պայմանագիր է ստորագրել Rolls-Royce և Honeywell International ընկերությունների համատեղ LHTEC ձեռնարկության հետ։
• Դեկտեմբերի 9-ին «Բոինգ» ընկերությունը Թուրքիային է փոխանցել չորրորդ և պայմանագրով նախատեսված վերջին վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգը (AEW&C ինքնաթիռ)։
• Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերը սկսել են ստանալ թուրք-իտալական համատեղ արտադրության TAI T129B հարվածային ուղղաթիռների առաջին խմբաքանակը։ Ընդհանուր առմամբ պետք է մատակարարվի 50 միավոր ուղղաթիռ։
• Թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը դեկտեմբերի 7-ին արտասահմանյան անհայտ պատվիրատուի հետ ստորագրել է գիշերային տեսանելիության սարքերի մատակարարման 17 մլն ամերիկյան դոլար արժողությամբ պայմանագիր։
• Շաբաթվա ընթացքում Թուրքիայի տարբեր վայրերում շարունակվող թուրք-քրդական բախումներում երկու կողմերն էլ տվել են վիրավորներ և սպանվածներ։ Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի 10 միավոր F-16 կործանիչներ դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան ավիահարվածներ են հասցրել Իրաքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) գրոհայիների դիրքերին։
• Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի (Ալեքսանդրեթ) Ռեյլանհլը գավառի Սիրիային սահմանակից հատվածում ավարտվել են պատի կառուցման աշխատանքները: Ընդհանուր առմամբ կառուցվել է 11,5 կմ երկարությամբ շարժական պատնեշ: 2012-ից մինչ օրս թուրք-սիրիական սահմանին կառուցվել է 23 կմ երկարությամբ բետոն շարժական պատնեշ, 108 կմ երկարությամբ փշալար, 386 կմ խրամատ, 80 կմ հողե ամրություններ, իսկ սահմանի 423 կմ երկարությամբ հատվածում կատարվել են լուսավորման աշխատանքներ:
• ԱՄՆ ԿՀՎ-ն Թուրքիային նախազգուշացրել է, որ երեք պաղեստինցի գրոհայիններ ահաբեկչություն են նախապատրաստում Թուրքիայում գտնվող ռուս զբոսաշրջիկների դեմ:
Ռազմաշաբաթը նաև՝