Թուրքիան 2 տարի բանակցություններից հետո չեղարկել է հեռահար ՀՕՊ համակարգեր գնելու մրցույթը

Թուրքիան որոշել է դադարեցել մեծ հեռահարությամբ ՀՕՊ համակարգեր գնելու վերաբերյալ բանակցությունները Չինաստանը ներկայացնող China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերության հետ և չեղարկել 3 միլիարդ ամերիկյան դոլար արժողությամբ մրցույթը։

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարության՝ նոյեմբերի 15-ի այն հայտարարությանը, թե վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մրցույթը չեղարկելու ու բանակցությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումն արդեն հաստատել է։

Նշվում է, որ որոշման նպատակն է նմանատիպ հրթիռներ գնելու փոխարեն տեղական արտադրություն սկսել։

«ՀՕՊ համալիրների տեղական արտադրության հարցում լուրջ խնդիրներ կան, — լուրը մեկնաբանելով՝ Facebook-ում գրել է թուրքագետ Լևոն Հովսեփյանը, — երկար տարիներ կտևի նման նախագծի իրականացումը, և դեռ հարց է, թե որքան կհաջողեն այդ ոլորտում: Սա ավելի շատ կապված է որոշ ժամանակ շահելու և ԱՄՆ-ից առավել նպաստավոր պայմաններով ամերիկյան միջոցներ ձեռքբերելու հարցի հետ»:

Ռազմի.ինֆոյի հետ զրույցում թուրքագետը մեկնաբանեց նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի՝ օրեր առաջ արած այն հայտարարությունը, թե Թուրքիան ներկայում մտադիր է ՀՕՊ համակարգեր արտադրող ընկերությունների հետ կնքել այնպիսի պայմանագրեր, որոնցով համակարգի որոշ տարրեր թուրքական կողմին մատակարարելուց հետո արտասահմանյան ընկերությունները կհամաձայնեն թուրքական կողմին (թուրքական ռազմարդյունաբերական ընկերություններին) փոխանցել համակարգերի տեխնիկական փաստաթղթերը։

Թուրքիայի՝ այս ոլորտում վարած քաղաքականությունը միտված է արտաքին գնումների դեպքում ամեն գնով արտադրողից ստանալ նաև տեխնոլոգիաներ կամ ինչ-որ փուլից սկսել համատեղ արտադրություն։ Ենթադրելի է, որ Չինաստանի հետ հարաբերությունների հաստատումն ի սկզբանե նպատակ է ունեցել օգտագործել որպես հակակշռող լծակ՝ վերջնական արդյունքում նատօյական հրթիռներ գնելիս սեփական պահանջները թելադրելու ու վերոնշյալ քաղաքականությունն առաջ տանելու համար, քանի որ տեսականորեն բոլորովին նպատակահարմար չէ մեկ ռազմական միասնական կառույցում (ՆԱՏՕ-ում, որի հիմանական անդամներից է նաև Թուրքիան) երկու տարբեր համակարգերի գործածումը։

Իսպանիայի զինված ուժերի Patriot ՀՕՊ համակարգի արձակման կայանը՝ Ադանայի օդային տարածքը հսկելիս

Իսպանիայի զինված ուժերի Patriot ՀՕՊ համակարգի արձակման կայանը՝ Ադանայի օդային տարածքը հսկելիս

Հիշեցնենք, որ մեծ և միջին հեռահարության ՀՕՊ համակագեր գնելու մրցույթին թուրքերը նախ 2013-ի սեպտեմբերին հաղթող ճանաչեցին Չինաստանի արտադրած HQ-9 համակարգերը (Ս-300-ի չինական կրկնօրինակ), հետո ՆԱՏՕ-ի ճնշման տակ չեղյալ հայտարարեցին իրենց որոշումը: Ռազմ.ինֆոյում կարող եք կարդալ նաև այս գործընթացի նախապատմության ու զարգացումների մասին։