Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության. Պուտին

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանյան «ՌԻԱ» գործակալությանը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը: Այս մասին հայտնում է  գործակալության կայքը:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը «լրացնել լուրջ ծրագրերով», որոնք բխում են կողմերի շահերից: Նա նշել է, որ կողմերը ներկայումս քննարկում են համագործակցության ծրագրերը, որոնք բոլոր հիմքերն ունեն իրականացվելու համար:

Միևնույն ժամանակ ամրիկյան Defense News պարբերականը փոխանցում է Թուրքիայի պաշտպանական նշանակության արտադրանքների ձեռքբերման ոլորտում աշխատող պաշտոնյաներից ստացած տեղեկությունն այն մասին, որ թուրքական կողմն Ռուսաստանին հոկտեմբերի 10-ին առաջարկել է մասնակցել Թուրքիայի զինված ուժերի համար միջին և մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի գնման T-LORAMIDS մրցույթի նոր փուլին:

Նշենք, որ մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր գնելու մրցույթ Թուրքիայում առաջին անգամ անցկացվել է 2013-ին: Թուրքական կողմը դիտարկում էր ամերիկյան «Փեթրիոթ» (Patriot PAC3), ռուսաստանյան Ս-300 կամ Ս-400, ֆրանս-իտալական Սամպ Տ (Samp T) և Չինաստանի արտադրած HQ-9 ՀՕՊ համակարգերի (Ս-300-ի չինական կրկնօրինակ) թեկնածությունը։

Նախապատվությունը տրվեց չինական տարբերակին, սակայն 2015-ի նոյեմբերի 15-ին Թուրքիան դադարեցրեց բանակցությունները Չինաստանը ներկայացնող China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերության հետ և չեղարկեց 3,4 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիրը։

Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Թուրքիան հեռահար հակաօդային պաշտպանության համակարգերի (ՀՕՊ) սեփական արտադրություն է սկսելու: Սակայն 2016-ի փետրվարին  արդեն քննարկվում էր Իտալիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի համատեղ արտադրության MEADS միջին հեռահարության ՀՕՊ համակարգեր գնելու տարբերակը:

Որպես չինական համակարգերը չգնելու պատճառներից մեկը նշվում էր, որ այն չի կարող ինտեգրվել Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռադիոլոկացիոն համակարգերին, սակայն նույն խնդիրը պետք է որ առաջանա նաև ռուսաստանյան համակարգերի դեպքում:

Ավելացնենք, որ այն բանից հետո, երբ 2015-ի նոյեմբերի 24-ին Թուրքիան խոցեց Ռուսաստանի զինված ուժերի Սու-24Մ ռմբակոծիչը, 2016-ի փետրվարին ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարեց, որ Ռուսաստանը կասեցրել է Թուրքիայի հետ նախկինում կնքած ռազմական նշանակության արտադրանքների մատակարարման բոլոր պայմանագրերը:

Մինչ այդ՝ 2015-ի նոյեմբերի 30-ին, Կոժինը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում խոշոր ծրագրերը բացակայում են, եղել է պահեստամասերի, դետալների փոխանակում:

Սակայն 2016-ի հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Պուտինին ուղարկած նամակից հետո երկու երկրների հարաբերությունները աստիճանաբար սկսեցին վերականգնվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *