ՆԱՏՕ-ն անհանգստացած է Թուրքիայի`հարձակողական հրթիռային տեխնիկա ձեռք բերելու մտադրությամբ

Թուրքիայի ղեկավարությունը հայտարարել էր, որ պատրաստվում է սեփական ՀՕՊ համակարգ արտադրել արտադրել և շահագործել: Թուրքիայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ այդ երկիրը, լինելով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, գտնվում է կառույցի «անվտանգության հովանոցի» ներքո, և իրենք չեն տեսնում նոր հարձակողական սպառազինություն ձեռք բերմանն ուղղված քայլերի անհարժեշտությունը: Այս մասին հունվարի 16-ին հայտնում է ամերիկյան Defense News ռազմական լրատվակայքը:

Իսպանիայի զինված ուժերի Patriot ՀՕՊ համակարգի արձակման կայանը՝ Ադանայի օդային տարածքը հսկելիս

Իսպանիայի զինված ուժերի Patriot ՀՕՊ համակարգի արձակման կայանը՝ Ադանայի օդային տարածքը հսկելիս

Թուրքիայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը մասնավորապես նշել է, որ Թուրքիան իրենց դաշնակիցն է և գտնվում է կառույցի «անվտանգության հովանոցի» ներքո (ինչը նշանակում է, որ ՆԱՏՕ-ն պատասխանատվություն է կրում Թուրքիայի սահմանների անվտանգության համար) և, չնայած տարածաշրջանում Թուրքիայի անվտանգությանը սպառնացող հայտարարությունների տարածմանը` Դաշինքը որևէ իմաստ չի տեսնում Թուրքիայի` հրթիռային հարձակողական սպառազինություն արտադրելու և ձեռք բերելու մտադրության մեջ:

Իսկ Թուրքիայում Եվրամիության դիվանագիտական առաքելության անդամներից մեկն ընդգծել է, որ Թուրքիայի նմանատիպ քայլերը կարող են նպաստել տարածաշրջանում կրոնական հակամարտության սրացմանը` հավելելով, որ Թուրքիայի և Իրանի միջև սպառազինության մրցավազքը տհաճ զարգացում կլինի:

Հիշեցնենք, որ 2013-ից շարունակվող մրցույթներից, անընդհատ հետաձգվող բանակցություններից և հայտարարություններից հետո 2015-ի նոյեմբերին Թուրքիան դադարեցրել էր մեծ հեռահարությամբ ՀՕՊ համակարգեր գնելու վերաբերյալ բանակցությունները չինական CPMIEC ընկերության հետ և չեղարկել 3,44 միլիարդ ամերիկյան դոլար արժողությամբ մրցույթը։ Այնուհետև Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ աշխատում են սեփական մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր ստեղծելու ուղղությամբ:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ նման համակարգերի նախագծմամբ պետք է զբաղվեն թուրքական «Ասելսան» և «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերությունները, որոնք մինչ այժմ կարողացել են արտադրել միայն ցածր հեռահարության ՀՕՊ համակարգեր: Բացի այդ, թուրքական ընկերությունները չունեն հրթիռային տեխնիկաների, մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների համար նախատեսված շարժիչների արտադրության փորձ, ինչի համար պետք է դիմեն եվրոպական խոշոր ռազմարդյունաբերող երկրների կամ ԱՄՆ-ի օգնությանը:

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

2016-ի հունվարի 7-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը Թուրքիայի խորհրդարանում նշել էր, որ տեղական արտադրության մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության համակարգը նախնական տվյալներով պատրաստ կլինի միայն 2026-ին:

Անդրադառնալով Թուրքիայի` մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու մտադրությանը, նշենք, որ այդ երկիրը նման համակարգեր ձեռք բերելու ցանկությունը կապում է Սիրիայից սպառնացող վտանգի հետ: Մինչ 2015-ի վերջ թուրք-սիրիական սահմանի անվտանգությունը պահպանում էին ՆԱՏՕ-ի անդամ 3 երկրների 6 միավոր Patriot ՀՕՊ համակարգերը, որոնք ևս մասնակցում էին 2013-ին Թուրքիայի հայտարարած մրցույթին, սակայն ամենայն հավանականությամբ ավելի բարձր գնի պատճառով դուրս էին մնացել մրցույթից:

2015-ի հոկտեմբերին ԱՄՆ-ն Թուրքիայից դուրս բերեց 2013-ից այդ երկրում տեղակայված Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իսկ դեկտեմբերի վերջին պարզ դարձավ, որ Գերմանիան ևս դուրս է բերել  իր համակարգերը և Թուրքիայում մնացել են միայն Իսպանական Patriot-ները:

Սակայն ՀՕՊ համակարգերը դուրս բերելուց հետո ՆԱՏՕ-ն հաստատեց Թուրքիային տրամադրվելիք նոր «ՀՕՊ օգնության» փաթեթը, ինչը մասնավորապես ենթադրում է Սիրիայի հետ օդային սահմանների պաշտպանության հարցում այդ երկրին տրամադրել վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազիված ինքնաթիռներ:

E-3F Sentry ինքնաթիռ, կրում է AWACS համակարգ

E-3F Sentry ինքնաթիռ, կրում է AWACS համակարգ

Հավելենք, որ չինական համակարգերի ձեռքբերման լուրերն ի սկզբանե կասկած էին առաջացրել, քանի որ ՆԱՏՕ-ն հրաժարվել էր ռուսաստանյան Ս-300-ների կրկնօրինակներն ինտեգրել Թուրքիայում տեղակայած ռադարային համակարգին` տեխնիկական անհամապատասխանության պատճառով: Թուրքական ենթադրյալ նախագծվող համակարգերը ևս կարող են նույն խնդրին բախվել, իսկ միայն թուրքական ռադարային կայաններով ըստ էության բավականին խոցելի կլինեն:

Այս հարցերը ենթադրել են տալիս, որ Թուրքիան քայլեր է տանում եվրոպական կամ ամերիկյան արտադրության համակարգեր ձեռք բերելու ուղղությամբ` փորձելով հասնել առավել բարենպաստ պայմանների: Սակայն պետք է ընդգծել, որ 2015-ի նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին ռուսաստանյան Սու-24Մ ռմբակոծիչ խոցումից հետո ՆԱՏՕ-ն սկսեց ավելի «զգույշ» վերաբերվել Թուրքիային սպառազինություն տրամադրմանը` ենթադրելով, որ թուրքական բանակը կարող է ավելի սրել իրավիճակը:

Այս քայլերից կարելի է եզրակացնել, որ Հյուսիսատլանտյան Դաշինքը ներկայումս խուսափում է Թուրքիային մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր վաճառելուց` զգուշանալով Սիրիայի, Իրաքի, ինչպես նաև Իրանի հանդեպ դրանք օգտագործելու հնարավորությունից, քանի որ Թուրքիայի օդային սահմանները պաշտպանելուց զատ` մեծ հեռահարության զենիթահրթիռային համակարգերով հնարավոր է խոցել նաև հարևան երկրների օդային տարածքում հայտնաբերված օբյեկտները, ինչը կարող է տանել իրավիճակի սրացմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *