Սիրիայի ՀՕՊ ուժերը ամերիկյան հետախուզական ԱԹՍ են խոցել Լաթաքիայում (վիդեո)

Սիրիայի կառավարական ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը մարտի 17-ին նավահանգստային Լաթաքիա քաղաքի օդային տարածքում խոցել են ամերիկյան Predator անօդաչու թռչող սարք, որն օդ էր բարձրացել ներկայիս Թուրքիայի Ադանա քաղաքում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազայից։ Այս մասին հայտնում է սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվական գործակալությունը։

Սիրիայում խոցված ամերիկյան ԱԹՍ-ն

Սիրիայում խոցված ամերիկյան ԱԹՍ-ն

Բրիտանական «Ռոյթերս» գործակալությունն, իր հերթին հաղորդում է՝ Պենտագոնում միջադեպի վերաբերյալ նշել են, թե չեն կարող հայտնել ստույգ որևէ տեղեկություն, քանի դեռ տարված չէ հետաքննություն։ Սիրիական կողմը, սակայն, արդեն իսկ հրապարակել է խոցված ԱԹՍ-ի լուսանկարներն ու տեսանյութեր։

Նշենք, որ սա ԻՊ-ի դեմ ամերիկյան օդային գործողությունների մեկնարկից ի վեր (2014-ի սեպտեմբեր) ԱՄՆ բանակի ԱԹՍ-ի խոցման առաջին դեպքն է։

Հիշեցնենք նաև, որ համաձայն թուրքական մամուլում վերջերս տեղ գտած հրապարակումների, Անկարան ԱՄՆ-ին հնարավոր է թույլատրի «Ինջիրլիք» ռազմաօդային բազայում տեղակայել 2 MQ-9 Reaper հարվածային ԱԹՍ՝ «Իսլամական պետության» դեմ օդային գործողություններ իրականացման համար։ Իսկ ինչ վերաբերում է Predator տեսակի ԱԹՍ-ներին, որոնք ԱՄՆ-ն օգտագործում է հետախուզական տվյալներ ստանալու համար, ապա դրանք արդեն 3,5 տարի է, ինչ տեղակայված են «Ինջիրլիք»-ում։

[Լրացում] — ԱՄՆ ռազմաօդային ուժերը հետաքննությունից հետո պարզել են, որ անօդաչու թռչող սարքը խոցել են, սակայն չեն կարող նշել՝ խոցել են սիրիական կառավարական ուժերը, թե ապստամբները: Այս մասին ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները հայտնել են հունիսի 29-ին:

One response to “Սիրիայի ՀՕՊ ուժերը ամերիկյան հետախուզական ԱԹՍ են խոցել Լաթաքիայում (վիդեո)

  1. Pingback: Թուրքիայում ԱՄՆ օդուժի հարվածային ԱԹՍ է ընկել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *