Սիրիայի կառավարական ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը մարտի 17-ին նավահանգստային Լաթաքիա քաղաքի օդային տարածքում խոցել են ամերիկյան Predator անօդաչու թռչող սարք, որն օդ էր բարձրացել ներկայիս Թուրքիայի Ադանա քաղաքում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազայից։ Այս մասին հայտնում է սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվական գործակալությունը։
Բրիտանական «Ռոյթերս» գործակալությունն, իր հերթին հաղորդում է՝ Պենտագոնում միջադեպի վերաբերյալ նշել են, թե չեն կարող հայտնել ստույգ որևէ տեղեկություն, քանի դեռ տարված չէ հետաքննություն։ Սիրիական կողմը, սակայն, արդեն իսկ հրապարակել է խոցված ԱԹՍ-ի լուսանկարներն ու տեսանյութեր։
Նշենք, որ սա ԻՊ-ի դեմ ամերիկյան օդային գործողությունների մեկնարկից ի վեր (2014-ի սեպտեմբեր) ԱՄՆ բանակի ԱԹՍ-ի խոցման առաջին դեպքն է։
Հիշեցնենք նաև, որ համաձայն թուրքական մամուլում վերջերս տեղ գտած հրապարակումների, Անկարան ԱՄՆ-ին հնարավոր է թույլատրի «Ինջիրլիք» ռազմաօդային բազայում տեղակայել 2 MQ-9 Reaper հարվածային ԱԹՍ՝ «Իսլամական պետության» դեմ օդային գործողություններ իրականացման համար։ Իսկ ինչ վերաբերում է Predator տեսակի ԱԹՍ-ներին, որոնք ԱՄՆ-ն օգտագործում է հետախուզական տվյալներ ստանալու համար, ապա դրանք արդեն 3,5 տարի է, ինչ տեղակայված են «Ինջիրլիք»-ում։
[Լրացում] — ԱՄՆ ռազմաօդային ուժերը հետաքննությունից հետո պարզել են, որ անօդաչու թռչող սարքը խոցել են, սակայն չեն կարող նշել՝ խոցել են սիրիական կառավարական ուժերը, թե ապստամբները: Այս մասին ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները հայտնել են հունիսի 29-ին:
Pingback: Թուրքիայում ԱՄՆ օդուժի հարվածային ԱԹՍ է ընկել | Ռազմ.info