Թուրքիան ԱՄՆ-ին թույլատրել է «Ինջիրլիք» ռազմաօդային բազայում տեղակայել 2 միավոր հարվածային անօդաչու թռչող սարք՝ «Իսլամական պետության» դեմ օդային գործողություններ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է թուրքական «ՀաբերԹյուրք» լրատվակայքը։
Նշվում է, որ Միացյալ Նահանգները «Ինջիրլիք»-ում տեղակայելու է 2 միավոր MQ-9 Reaper տեսակի հարվածային ԱԹՍ։ Համաձայնությունը ձեռք է բերվել նախ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավարի, իսկ հետո նաև նախագահ Բարաք Օբամայի՝ ԻՊ-ի հարցերով հատուկ ներկայացուցչի՝ Թուրքիա կատարած այցերի ընթացքում։ Ձեռք բերված համաձայնությամբ՝ ամերիկյան անօդաչու սարքերը թուրքական ավիաբազա կհասնեն առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում։ Դրանք սպասարկելու համար Թուրքիա կժամանի ԱՄՆ ԶՈւ 15 մասնագետ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Լլոյդ Օսթինի գլխավորած պատվիրակությունը սիրիայում կռվող խմբավորումների զինյալներին մարզելու և զինելու թուրք-ամերիկյան համատեղ ծրագրի կազմակերպման համար մարտի 11-ին մեկնել էր Թուրքիայի Քիրշեհիր կենտրոնական նահանգ: Նուն օրը նաև Անկարայում հանդիպել էր Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Նեջդեթ Օզելին։
Գեներալ Լլոյդի այցից մի քանի օր անց՝ մարտի 14-15-ին, Թուրքիա է այցելել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայում հատուկ ներկայացուցիչ, պաշտոնաթող գեներալ Ջոն Ալենը։ Նա, ինչպես նաև վերջինիս ուղեկցող, ԱՄՆ պետքարտուղարության խորհրդականի օգնական Բրեդ Մըք Գուրգը, հանդիպել են թուրքական պատվիրակությանը։ Քննարկվել են «Ինջիրլիք»-ում ամերիկյան հարվածային ԱԹՍ-ներ տեղակայելու, ինչպես նաև մարտական ինքնաթիներ տեղակայելու հարցերը։ Առաջինի մասով կողմերին հաջողվել է հասնել համաձայնության, իսկ երկրորդ առաջարկը թուրքական կողմը մերժել է։
Հավելենք նաև, որ կայքի հաղորդած տեղեկության համաձայն՝ «Ինջիրլիք»-ում վերջին 3,5 տարիներին գտնվում էին ԱՄՆ-ի 4 Predator ԱԹՍ-ներ, որոնք ԱՄՆ-ն օգտագործում էր «Իսլամական պետության»՝ Իրաքում և Սիրիայում ծավալած գործողությունների վերաբերյալ հետախուզական տվյալներ ստանալու համար։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանժու Բիլգիչը հայտարարել էր, որ այս փուլում Թուրքիան չի կարող «Ինջիրլիք» ռազմաբազան «Իսլամական պետության» դեմ օգտագործելու թույլտվություն տալ։
Նշենք, որ MQ-9 Reaper (անգլ. Հնձվոր), հետախուզական-հարվածային ԱԹՍ-ն արտադրում է ամերիկյան General Atomics Aeronautical Systems ընկերությունը։ Այն նախագծվել է MQ-1 Predator (անգլ. Գիշատիչ) հետախուզական ԱԹՍ-ի հիման վրա, սկզբնական շրջանում կոչվել է Predator B, իսկ հետագայում վերանվանվել Reaper
Շուրջ 30 մլն ամերիկյան դոլար արժողությամբ MQ-9 Reaper ԱԹՍ-ի երկարությունը 11մ է, առավեկագույն թռիչքային զանգվածը՝ 4760կգ, թևերի բացվածքը՝ 20մ, բարձրությունը՝ 3,8 մետր։ Սարքը կարող է զարգացնել 482կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առաստաղը շուրջ 15կմ է։ Սպառազինությունում ԱԹՍ-ն կարող է կրել մինչև 14 կառավարվող հրթիռ։
Pingback: Սիրիայի ՀՕՊ ուժերը ամերիկյան հետախուզական ԱԹՍ են խոցել Լաթաքիայում (վիդեո) | Ռազմ.info
Pingback: Թուրքիան առաջին ավիահարվածներն է հասցրել ԻՊ դիրքերին ԱՄՆ-ի նոր գործողության շրջանակներում | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածներից Իրաքում սպանվել է ԻՊ ղեկավար | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ-ն Թուրքիայում տեղակայել է A-10 գրոհիչներ | Ռազմ.info
Pingback: Իրաքում և Թուրքիայում ԱՄՆ-ի ԱԹՍ-ներ են վթարվել | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ-ն դուրս է բերել Թուրքիայում տեղակայած F-15C կործանիչները | Ռազմ.info