Թուրքիայի զինծառայողների և զինտեխնիկայի նոր խմբաքանակը հասել է Սիրիայի հետ սահման

Հոկտեմբերի 22-ին Թուրքիայի զինուժը շարունակել է զինծառայողներ և զինտեխնիկա տեղափոխել թուրք-սիրիական սահման՝ անմիջապես Սիրիայի Իդլիբ նահանգին սահմանակից շրջաններ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և զինտեխնիկայի նոր խմբաքանակը թուրք-սիրիական սահմանին

Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և զինտեխնիկայի նոր խմբաքանակը թուրք-սիրիական սահմանին

Զինծառայողները և զրահափոխադրիչները տեղակայվել են Հաթայ նահանգի Ռեյհանլը գավառի սահմանային ստորաբաժանումներում:

Նշենք, որ հոկտեմբերի 8-ին Թուրքիայի զինուժը նախ հետախուզական գործողություններ էր սկսել Իդլիբ նահանգում, այնուհետև՝ հոկտեմբերի 12-ին, ներխուժել էր նահանգ և տեղակայվել Իդլիբ-Աֆրին սահմանի երկայնքով: Ներկայում Թուրքիայի զինուժը այնտեղ ստեղծել է 1 դիտակետ, նախատեսում է ստեղծել ևս մի քանիսը:

Մինչ այժմ ռուսաստանյան կողմը դեմ չի արտահայտվել Իդլիբում թուրքական զորքերի տեղակայման վերաբերյալ: Միևնույն ժամանակ, Իրանը կարծես թե այնքան էլ «ջերմ» չի  մոտենում թուրքական զինուժի ներկայությանը: Իրանի ԶՈւ ԳՇ պետը Սիրիա այցի ընթացքում հայտարարել է, որ Իրանը դեմ է, երբ որևէ պետություն մտնում է մեկ այլ պետության տարածք, առանց թույլտվություն ստանալու այդ երկրից: Սա, ըստ երևույթին, ուղղված է թուրքական զորքերի դեմ:

Պաշտոնական Դամասկոսը ևս հայտարարել է, որ դեմ են թուրքական զորքերի տեղակայմանը: Սիրիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ դա խախտում է իրենց երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:

2017-ի սեպտեմբերին Աստանայում սիրիական ճգնաժամի հարցով բանակցություններում կողմերը համաձայնվել են Իդլիբում ևս «անվտանգության գոտի» ստեղծելու վերաբերյալ: «Անվտանգության գոտիների» և հրադադարի երաշխավորները Սիրիայում համարվում են Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *