«Իրանը դեմ է, երբ առանց հրավերի մտնում են որևէ երկիր». Իրանի արձագանքը Թուրքիայի Իդլիբ ներխուժմանը

Հոկտեմբերի 18-ին Սիրիայում Իրանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին Սիրիայի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանատ Ալի Այուբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ շեշտել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը անհրաժեշտ է հարգել և «Իրանը դեմ է, երբ որևէ երկիր կամ զինված ուժ մեկ այլ երկիր է մուտք գործում առանց այդ երկրի թույլտվության»։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Սիրիայի և Իրանի ԶՈւ ԳՇ պետերի հանդիպումը Դամասկոսում

Սիրիայի և Իրանի ԶՈւ ԳՇ պետերի հանդիպումը Դամասկոսում

«Սիրիայի տարածքային ամբողջականությունը անհրաժեշտ է հարգել և ցանկացած երկիր կամ զինված ուժ, որ նպատակ ունի մեկ այլ երկիր մուտք գործել պետք է անպայման հյուրընկալ երկրի հրավերով ու թույլտվությամբ այնտեղ մտնի և ցանկացած ներխուժմանը, որ առանց թույլտվության և համակարգման է՝ դեմ ենք,- ասել է Բաղերին»։

Բաղերիի այս հայտարարությունը ամենայն հավանակությամբ ուղղված է Թուրքիային, ով, հակառակ Սիրիայի կառավարության ցանկության, զորքեր է տեղակայում Սիրիայի Իդլիբ նահանգում։

Թուրքական զինուժի Իդլիբ ներխուժումը Սիրիան համարում է իր  տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում և հայտարարում, որ այն հակասում է Աստանայի բանակցությունների արդյունքում ստորագրված համաձայնագրերին։

«Դա Թուրքիայի կողմից ագրեսիվ քայլ է և խախտում է  բոլոր միջազային օրենքները», – համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Սիրիայի ԶՈւ ԳՇ պետը»։

Նշենք, որ Աստանայի բանակցություններում որոշում էր կայացվել «ոչ բախումային» գոտիներ սահմանել Սիրիայի տարածքում, այդ թվում՝ Իդլիբում:

Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի զինուժը նախ հետախուզական գործողություններ էր սկսել Իդլիբ նահանգում, այնուհետև հոկտեմբերի 12-ին ներխուժել էր նահանգ և տեղակայվել Իդլիբ-Աֆրին սահմանի երկայնքով:

Թուրքիայից բացի մյուս երկու երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը և Իրանը մինչ այժմ որևէ կերպ չեն փորձել խոչընդոտել թուրքական զինուժի Իդլիբ ներխուժմանը, ո՛չ էլ հայտարարել, որ դա համաձայնություններին դեմ է:

Բաղերիի այս հայտարարությունը փաստացիորեն Իրանի կողմից առաջին արձագանքն էր։

Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին Սիրիա է մեկնել հոկտեմբերի 17-ին։ Սիրիայի ԶՈւ ԳՇ պետից բացի նախատեսվում են նաև հանդիպումներ այդ երկրի պաշտպանության նախարարի ու նախագահի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *