Իդլիբում թուրքական զինուժի տեղակայումը հակասում է Աստանայի բանակցությունների արդյունքում ստորագրված համաձայնագրերին: Նման հայտարարություն հոկտեմբերի 14-15-ին տարածել են Սիրիայի արտգործնախարարության ներկայացուցիչը և խորհրդարանի խոսնակը: Այս մասին հայտնում են սիրիական պետական «Սանա» գործակալությունը և «ՌԻԱ Նովոստին»:
Սիրիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ թուրքական զինուժի Իդլիբ ներխուժումը խախտում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:
Դամասկոսը նշում է, որ, ի հակառակ թուրքական կողմի պնդումների, Իդլիբ ներխուժումը Աստանայի բանակցությունների հետ որևէ կապ չունի և դա իրականում նույն Աստանայում ձեռքբերված համաձայնությունների խախտում է:
Սիրիական կողմից նաև ընդգծում են այն հանգամանքը, որ թուրքական զինուժը Իդլիբ է մտել «Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հետ համաձայնությամբ: Սիրիան պահանջում է Թուրքիայից անհապաղ դուրս բերել զորքերը Իդլիբից:
Նշենք, որ Աստանայի բանակցություններում որոշում էր կայացվել «ոչ բախումային» գոտիներ սահմանել Սիրիայի տարածքում, այդ թվում՝ Իդլիբում: Թուրքիայից բացի մյուս երկու երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը և Իրանը, որևէ կերպ առայժմ ո՛չ փորձել են խոչընդոտել թուրքական զինուժի Իդլիբ ներխուժմանը, ո՛չ էլ հայտարարել, որ դա համաձայնություններին դեմ է:
Այս փաստերը խոսում են նրա մասին, որ Թուրքիան ներխուժումից առաջ ստացել է Մոսկվայի և Թեհրանի համաձայնությունը: Այս պարագայում Դամասկոսի հայտարարությունը փաստացի որևէ փոփոխություն չի կարող մտցնել ստեղծված իրավիճակում:
Հիշեցնենք, որ թուրքական զինուժի հետախուզական ստորաբաժանումները Իդլիբ էին մտել հոկտեմբերի 8-ին: Հոկտեմբերի 12-ից Թուրքիան Իդլիբում սկսել է տեղակայել նաև հիմնական ուժերը: Նախնական տվյալներով՝ Իդլիբում կա Թուրքիայի ԶՈւ 500 հատուկջոկատային և զրահատեխնիկա: Սակայն Սիրիայի այդ նահանգում թուրք զինծառայողների թվաքանակը կարող է աճել:
Հավելենք,ո ր թուրքական ուժերը տեղակայվում են Իդլիբի՝ Աֆրինի շրջանին հարող տարածքներում: Աֆրինը վերահսկում են Սիրիայի քրդերը, ըստ այդմ՝ այս գործողության նպատակներից մեկը նաև հենց քրդերի դեմ հնարավոր գործողություններին նախապատրաստվելը կարող է լինել: