Ահաբեկչության հետևանքով զոհվել է Աֆղանստանի ԶՈւ 40 զինծառայող

Հոկտեմբերի 18-ի ուշ երեկոյան երկու ահաբեկիչ հարձակվել է Աֆղանստանի Կանդահարի շրջանում տեղակայված ռազմաբազայի վրա: Հարձակման հետևանքով զոհվել է Աֆղանստանի ԶՈւ 40 զինծառայող, ևս 9-ը վիրավորվել է:Այս մասին հայտնում է աֆղանստանյան TOLO News լրատվական գործակալությունը:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությունից կորուստների մասին չեն հայտնում:

Նշենք, որ Աֆղանստանի զինված ուժերում կորուստները լինում են հիմնականում ահաբեկչության պատճառով: 2017 թվականի մայիսի 8-ից Աֆղանստանի ուժային համակարգում գրանցվել է 2531 կորուստ և 4238 վիրավոր: Աֆղանստանի ուժայինները գրեթե նույն չափ կորուստներ են ունեցել նաև անցյալ տարի:

Ահաբեկչական գործողություններից կորուստներ են կրում նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» միջազգային առաքելության ուժերը:

Սեպտեմբերի 11-ին Աֆղանստանի Բագրամ ավիաբազայի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել էր Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակի զինծառայող: Դրանից առաջ՝ սեպտեմբերի 6-ին, նույն ավիաբազայում վիրավորվել էր Վրաստանի ԶՈւ 3 զինծառայող:

Աֆղանստանում վրացական զորախումբը կորուստներ կրել էր նաև օգոստոսի 3-ին: ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության զինծառայողների շարասյան վրա հարձակման հետևանքով մահացել էր Վրաստանի ԶՈւ մեկ զինծառայող, ևս 3-ը՝ վիրավորվել:

Վրաստանը ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Վճռական աջակցություն» միջազգային խաղաղապահական առաքելությանը մասնակցում է 2015-ի հունվարից և ԱՄՆ-ից հետո իր զորախմբի քանակով երկրորդն է: Նույն առաքելությանը մասնակցում են նաև ՀՀ ԶՈւ զինծառայողներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *