Թուրքական զինուժը սկսել է Սիրիայի Իդլիբ նահանգի տարածք ներխուժումը

Հոկտեմբերի 12-13-ի լույս գիշերը Սիրիայի սահմանը հատել են Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի 100 զինծառայող և շուրջ 30 միավոր զրահատեխնիկա: Սպասվում է, որ մոտ օրերին Թուրքիան կավելացնի սիրիական նահանգի տարածքում տեղակայվելիք զինծառայողների թվաքանակը և սպառազինությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին՝ Իդլիբի դիմաց, պատրաստ վիճակում տեղակայել է նաև 15 միավոր տանկ:

Իդլիբ մտած զինծառայողները Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի Կայսերիի «կոմանդոս» բրիգադից են:

Հիշեցնենք, որ Թուրքական առաջին հետախուզական ստորաբաժանումները Իդլիբ էին մտել դեռևս հոկտեմբերի 8-ին: Սրան զուգահեռ Թուրքիան զինտեխնիկա և անձնակազմ է կուտակում Իդլիբի դիմաց՝ Հաթայ նահանգում:

Թուրքական զինուժը Իդլիբում տեղակայվելու շուրջ տեղի իրեն հավատարիմ «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման միջոցով համաձայնության է եկել նաև Իդլիբի զգալի մասը վերահսկող ահաբեկչական «Ալ-Նուսրա» (ներկայում՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ») խմբավորման հետ:

Դատելով թուրքական աղբյուրներից ստացած տեղեկություններից՝ թուրք զինծառայողները կվերահսկեն Իդլիբի հյուսիսը՝ Սիրիայի քրդերի վերահսկած Աֆրինի շրջանին հարող տարածքները:

Թուրքիայի ԶՈւ պահեստազորի մայոր, որպես անվտանգության փորձագետ հանդես եկող Մեթե Յարարը նշում է, որ այս գործողությունն ունի երկու հիմնական նպատակ՝

  • Սիրիայից Թուրքիա փախստականների հերթական հոծ խմբի ներթափանցման բացառում,
  • Սիրիայի քրդերի դեմ ռազմական գործողությունների նախապատրաստում:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Razm.info-ին տված հարցազրույցում նշեց, որ Թուրքիան ցանկանում է նաև վերահսկողության տակ պահել Իդլիբը՝ գուցե նպատակ ունենալով Թուրքիայում առկա սիրիացի փախստականներին հետագայում այնտեղ տեղավորել: Արաբագետը ևս չի բացառում, որ այս գործողությունը մեծամասամբ հենց քրդերի դեմ կարող է ուղղված լինել:

Իդլիբի գործողության՝ նաև քրդերի դեմ ուղղված լինելու հավանականության մասին նշել էինք նաև մենք՝ ելնելով այն տեղեկություններից, որ թուրքական զինուժը տեղակայվելու է Իդլիբի հենց այն հատվածներում, որտեղից կարող է գրեթե շրջափակել Աֆրինի քրդերին:

Ավելացնենք, որ Թուրքիան Իդլիբում տեղակայվում է Աստանայում Ռուսաստանի և Իրանի հետ ձեռքբերած համաձայնության հիման վրա:

Իրավիճակը սիրիայում 2017 թ. հոկտեմբերին, ըստ թուրքական աղբյուրների

Իրավիճակը սիրիայում 2017 թ. հոկտեմբերին, ըստ թուրքական աղբյուրների

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *