Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան հայտարարել են Սիրիայի մի քանի հատվածներում, այդ թվում նաև Իդլիբ նահանգում «ապաէսկալացման գոտիներ» ստեղծելու մասին: Այս մասին տեղակացրել է Ղազախստանի արտգործնախարարը՝ հղում անելով երեք երկրների համատեղ հայտարարությանը: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Հայտարարում ենք արևելյան Գուտայում, Հոմս նահանգի որոշ հատվածներում, Իդլիբ նահանգում և Լաթաքիա, Համա, Հալեպ նահանգների և Սիրիայի հարավային մի քանի շրջաններ ընդգրկող տարածքում ապաէսկալացման գոտիներ ստեղծելու մասին»,— ասվում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համատեղ հայտարարությունում:
Նույն աղբյուրը նաև հայտնում է, որ Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարության կողմից դիտորդները լինելու են Ռուսաստանը և Իրանը, իսկ ընդդիմության կողմից՝ Թուրքիան:
Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ Աստանայի բանակցությունների 3 երաշխավոր երկրների համաձայնության շրջանակներում Ռուսաստանից, Թուրքիայի և Իրանից դիտորդական ուժեր են տեղակայվելու նահանգում: Հայտարարությունը տեղադրված է ԱԳՆ կայքում:
«Ապաէսկալացման գոտիներում» վերահսկողության պահպանման համար Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը նաև ստեղծելու են համակարգող կենտրոն:
Միևնույն ժամանակ Իրանի արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել է, որ Աստանայում բանակցությունների ընթացքում 4 փաստաթուղթ է ընդունվել, որով կարգավորվելու է հրադադարը Սիրիայի «ապաէսկալացման գոտիներում»
Նշենք, որ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների 6-րդ փուլը անցկացվել է սեպտեմբերի 13-15-ին: Բանակցություններն անցկացվել են Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի անմիջական ղեկավարությամբ: Դրանց մասնակցել են նաև Սիրիայի կառավարության և զինված ընդդիմության ներկայացուցիչները:
Մինչ այս Աստանայում սիրիական ճգնաժամի շուրջ բանակացությունների նախորդ փուլերն անցկացվել են 2017 թ. հունվարի 23-24-ին, փետրվարի 15-16-ին, մարտի 14-15-ին և մայիսի 3-4-ին: