Իրանը ռազմական նավախումբ է ուղարկել Ռուսաստան

Հոկտեմբերի 14-ին իրանական «Դամավանդ» էսկադրային ականակիր նավը և «Փեյքան» հրթիռային նավը Կասպից ծովի իրանական նավահանգստից բարեկամական այցով ուղևորվել են Կասպից ծովի ռուսաստանյան ափ՝ Դաղստան։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Նմանատիպ այցով Իրանի ՌԾՈւ նավերը 2013-ին, 2015-ի հոկտեմբերին և 2017-ի մարտին նույնպես մեկնել են Կասպից ծովի ռուսաստանյան ափ և ՌԴ ռազմածովային ուժերի հետ համատեղ իրականացրել  զորավարժություններ:

Իրանի ռազմածովային ուժերի «Դամավանդ» ականակիր նավը

Իրանի ռազմածովային ուժերի «Դամավանդ» ականակիր նավը

Հիշեցնենք, որ ավելի վաղ բարեկամական այցով Իրան էր մեկնել Ռուսաստանի ԶՈւ «Մախաչկալա» ռազմանավը։

Դա Ռուսաստանի զինված ուժերի նավերի վեցերորդ այցն էր Իրան: Նախորդ այցը 2016-ի նոյեմբերին էր։ Նույն տարվա հոկտեմբերին Իրան էին ժամանել Ռուսաստանի ՌԾՈւ Կասպյան նավատորմի «Թաթարստան» հրթիռային և «Գրադ սվիյաժսկ» փոքր հրթիռային ռազմանավերը:

Մինչ այդ այցեր եղել են 2007-ին, 2014-ին և 2015-ին: Այդ այցերից երկուսի ընթացքում  ՌԴ ռազմանավերը նաև զորավարժություններ են անցկացրել Իրանի ռազմածովային ուժերի հետ:

Հավելենք, որ ավելի վաղ առաջին անգամ Իրան ռազմական նավախումբ էին ուղարկել Ղազախստանը և Ադրբեջանը (12)։ Իրանը Ադրբեջան նավախումբ ուղարկել էր 2016-ին, Ղազախստան՝ 2017-ի ապրիլին։

Կասպից ծովում ափ ունեցող 5 պետությունները մինչև հիմա դեռ չեն հստակեցրել իրենց ծովային սահմանները: Սակայն վերջին տարիներին կողմերը պայմանավորվել են բարեկամական այցերով ռազմանավերով մեկնել միմյանց նավահանգիստներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *