Նոյեմբերի 18-ին հնգօրյա բարեկամական այցով Իրանի հարավային նավահանգստային քաղաք Բանդար Աբաս է ժամանել ռուսաստանյան «Յանտար» նավը: Այս մասին տեղեկացնում է իրանական «Press TV» լրատվական գործակալությունը:
Իրանի ռազմածովային ուժերի առաջին տարածաշրջանի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Ազադի խոսքերով` այցի նպատակը երկու երկրների հարաբերությունները ամրապնդելը և տարածաշրջանում անվտանգություն ապահովելն է:
Սա Ռուսաստանի զինված ուժերի նավերի հինգերորդ այցն է Իրան: Վերջին այցը ընթացիկ տարվա հոկտեմբերին էր, երբ Իրան էին ժամանել Ռուսաստանի ՌԾՈւ Կասպյան նավատորմի «Թաթարստան» հրթիռային և «Գրադ սվիյաժսկ» փոքր հրթիռային ռազմանավերը: Մինչ այդ այցեր եղել են 2007-ին, 2014-ին և 2015-ին: Այդ այցերից երկուսի ընթացքում ՌԴ ռազմանավերը անցկացրել են նաև զորավարժություններ Իրանի ռազմածովային ուժերի հետ:
Նմանատիպ այցով Իրանի ՌԾՈւ նավերը 2013-ին և 2015-ի հոկտեմբերին ժամանել են Կասպից ծովի ռուսաստանյան ափ և ՌԴ ռազմածովային ուժերի հետ համատեղ իրականացրել են զորավարժություններ:
Ավելի վաղ` հոկտեմբերին, Իրանի ՌԾՈւ դերծովակալ Աֆշին Ռեզաին հայտնել էր, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում Իրանը ընկերական այցերով մեկնելու է Կասպից ծովի այլ նավահանգիստներ, բացի այդ, նախատեսվում է նաև այլ երկրների նավերի այց Կասպից ծովի իրանական ափեր:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 20 նոյեմբեր – 26 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info