Իրանա-պակիստանյան սահմանին ահաբեկիչների հարձակման հետևանքով 2 իրանցի է զոհվել

Հուլիսի 15-ին փոխհրաձգություն է եղել իրանա-պակիստանյան սահմանին։ Պակիստանից գործող ահաբեկչական խումբը կրակ է բացել Իրանի հարավարևմտյան Սիսթան և Բելուջիսթան նահանգի Սարավան շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով 2 իրանցի զոհվել է։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պատասխան կրակի արդյունքում սպանվել է մեկ ահաբեկիչ, ևս 2-ը վիրավորվել են։

Իրանում «Ջեյշ ալ զոլմ» խմբավորումից առգրավված զենք-զինամթերքը

Իրանում «Ջեյշ ալ զոլմ» խմբավորումից առգրավված զենք-զինամթերքը

Պակիստանի և Իրանի միջև սահմանը 900 կմ է։ Այստեղ Իրանը ակտիվ պայքար է մղում Պակիստանից ներթափանցող ահաբեկչական խմբավորումների, մաքսանենգների դեմ։

Իրանի Սիսթան և Բելուջիստան ու Պակիստանի համանուն՝ Բելուջիստան սահմանակից նահանգներում գործում են հիմնականում սուննի բելուջներից կազմված զինված անջատողական խմբավորումներ, որոնք հաճախ են բախումների մեջ մտնում Իրանի ուժային կառույցների հետ։ Հատկապես ակտիվ են գործում «Ջեյշ ալ Ադլ» («Ջեյշ ալ Զոլմ») և «Ջունդոլլահ» խմբավորումները։

2017-ի ապրիլին «Ջեյշ ալ Ադլ»  խմբավորման հետ բախումների հետևանքով սպանվել էր իրանցի 9 սահմանապահ։ Մայիսին Իրանի արկակոծության հետևանքով սպանվել էր մեկ պակիստանցի քաղաքացիական։

Հունիսին  Պակիստանի ռազմաօդային ուժերի  PAC JF-17 Thunder կործանիչը  Փանջգուրի շրջանում իրանական անօդաչու թռչող սարք էր խոցել։

Իսկ օրերս  ԻՀՊԿ-ն 3 հրթիռ էր արձակել Պակիստանի  Փանջգուր շրջանի ուղղությամբ։ Հրթիռներն ընկել էին Փարումիի տարածքում։ Մարդկային կորուստներ չէին եղել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *