Պակիստանի ռազմաօդային ուժերի PAC JF-17 Thunder կործանիչը երկրի Բալուչեսթան նահանգի Փանջգուր շրջանում իրանական անօդաչու թռչող սարք է խոցել։ Այս մասին հունիսի 20-ին հայտնում է պակիստանյան Dawnnews լրատվակայքը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
Իրանական կողմը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։
Ըստ լրատվակայքի՝ իրանական ԱԹՍ-ն Պակիստանի տարածքում «լրտեսություն էր իրականացնում»։ ԱԹՍ-ի խոցման կոնկրետ ժամանակահատված չի նշվում։
Նշենք, որ Իրանը երկրի հարավում ակտիվ պայքար է մղում Պակիստանից ներթափանցող ահաբեկիչների դեմ։ Ավելի վաղ իրանա-պակիստանյան սահմանին «Ջեյշ ալ զոլմ» ահաբեկչական խմբավորման հետ բախումների արդյունքում սպանվել էր 9 իրանցի սահմանապահ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15 կործանիչը Սիրիայի կառավարամետ ուժերի՝ իրանական արտադրության Shahed-129 անօդաչու սարք էր խոցել: