2016 թ. Ուկրաինան Ադրբեջանին 4 մլն դոլարի զենք է վաճառել. Report.az

Հունիսի 12-ին ադրբեջանական «Ռիփորթ» գործակալությունը հայտնել է, որ «Ուկրօբորոնպրոմից ստացած տեղեկության համաձայն»՝ 2016 թ. ընթացքում Ուկրաինան Ադրբեջանին տրամադրել է ավելի քան 4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ սպառազինություն, զինամթերք:

Ադրբեջանական գործակալությունը նաև նշում է, որ կողմերը ստորագրել են ավիացիոն և հրթիռահրետանային տեխնիկայի վաճառքի նոր պայմանագրեր:

Ծաղրանկարը՝ Regnum գործակալության

Ծաղրանկարը՝ Regnum գործակալության

Ուկրաինական պետական կոնցեռնում նշել են, որ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը համակարգում է միջկառավարական հանձնաժողովը՝ 1997 թ. ստորագրված «Ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձաձայնագրի շրջանակներում:

Ըստ «Ռիփորթի»՝ ուկրաինական կողմից նաև հայտնել են, որ այդ երկիրն Ադրբեջան է արտահանում ավտոմոբիլային և զրահապատ տեխնիկա, ավիացիոն տեխնիկա, հրետանային և հրաձգային զինատեսակներ, իրականացնում զինտեխնիկայի վերանորոգման և արդիականացման աշխատանքներ, նախագծային փաստաթղթերի պատրաստման ծառայություններ:

Ընկերությունում նաև հիշեցրել են, որ 2015 թ. կողմերը ստորագրել են Ադրբեջանին 10 միավոր Ան-178 բեռնատար ինքնաթիռ մատակարարելու համաձայնագիր: Ինքնաթիռները պետք է տրամադրվեն Silk Way քաղաքացիական ավիաընկերությանը:

Ինչ վերաբերում է այդ ինքնաթիռներին՝ ապա դրանց մատակարարման ժամկետը քանիցս հետաձգվել է: Վերջին համաձայնությամբ 2 միավոր նախատեսվում է տրամադրել 2018 թ., իսկ մնացածը պետք է հավաքվի Ադրբեջանի տարածքում: Սակայն ուկրաինական կոնցեռնը ներկայում տնտեսական լուրջ խնդիրներ ունի, ինչի պատճառով ինքնաթիռների հավաքման գործընթացը անընդհատ ձգձգվում է: Ըստ այդմ, եթե կտրուկ փոփոխություններ չիրականացվեն, ապա 2018 թվականին գործարքի իրականացման հավանականությունը բավական ցածր կմնա:

Ադրբեջան–Ուկրաինա ռազմատեխնիկական համագործակցություն. հակիրճ ակնարկ

Ադրբեջանի և Ուկրաինայի ռազմատեխնիկական համագործակցության, այդ թվում՝ Ուկրաինայից Ադրբեջան զենքի արտահանման մասին բաց աղբյուրներում առկա տվյալները բավականին սուղ են, իսկ երբեմն՝ հակասական:

Այսպես, «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) 2017 թ. հրապարակած զեկույցներում 2012-ից հետո Ուկրաինայից Ադրբեջան արտահանված որևէ զինտեխնիկայի մասին տեղեկություն չի տրամադրում: Նույն զեկույցներում նշված է, որ այդ շրջանում Ադրբեջանն Ուկրաինայից առհասարկ սպառազինություն չի գնել (1, 2, 3, 4):

2012 թ. հետո Ադրբեջանին ուկրաինական զենքի տրամադրման մասին որևէ տեղեկություն չկա նաև «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) հրապարակած զեկույցում:

Սակայն, չնայած սրան, կողմերի միջև բավականին ակտիվ ռազմական համագործակցություն է եղել մասնավորապես 2002-15 թթ. ընկած ժամանակահատվածում: Բաց աղբյուրներից ստացված տվյալների համաձայն՝ այդ շրջանում Ադրբեջանը Ուկրաինայից գնել է՝

Թեթև զրահատեխնիկա

       ԲՏՌ-70 150
       ԲՏՌ-3Ու 3
       ԲՄՊ-1 2
Տանկեր
        Տ-72 45-48
Հրետանի
Կրովի ականանետներ
       ՊՄ-38 144
Փողային հրետանի
       ՄՏ-12 72
       Դ-30 55
Ինքնագնաց հերտանի
    2Ս1 Գվոզդիկա 54
    2Ս3 Ակացիա 16
Համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր
    9Ա52 Սմերչ 12
Ավիացիա
Ուղղաթիռներ
    Մի-24-35 12
Ինքնաթիռներ
    ՄիԳ-29 15
    Լ-39 12

Բացի այդ, Ուկրաինան նաև Ադրբեջանին վաճառել է ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև արդիականացրել:

Վերջին տարիներին Ուկրաինայի հետ համագործակցությունը զիջում է Ռուսաստանից, Իսրայելից, Բելառուսից, Թուրքիայից կատարված զենքի գնումներին: Սա այն դեպքում, երբ մինչև 2010 թթ. Ուկրաինան Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական երկրներից մեկն էր, իսկ Իսրայելի հետ համագործակցությունը դեռ նոր էր կայանում:

Սա թերևս կարող է բացատրվել նաև նույն ժամանակահտվածում Ուկրաինայի ներքաղաքաական և արտաքին քաղաքական ճգնաժամով: Մինչ այդ Ուկրաինան Ադրբեջանին տրամադրում էր հիմնականում Խորհրդային Միությունից իր զինուժի սպառազինությունում առկա զինտեխնիկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *