Սիրիայի հետ սահմանին կառուցվող պատի աշխատանքներն ավարտվելու են 2017-ի հուլիսին. Թուրքիայի ՊՆ

Հունիսի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը այցելել է երկրի հարավարևելյան Մարդին նահանգում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներ և այդտեղից հետևել թուրք-սիրիական սահմանին կառուցվող պատի աշխատանքներին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է թուրք-սիրիական սահման

Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է թուրք-սիրիական սահման

Թուրքիայի պաշտպանության նախարարին ուղեկցել է ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը:

Այցի ընթացքում Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Սիրիայի հետ սահմանին նախատեսված է 828 կմ պատ կառուցել, որից 690 կմ է այս պահին դրությամբ է կառուցված: Նա նշել է, որ նախատեսում են պատի կառուցման աշխատանքները ավարտել այս տարվա հուլիսի վերջին:

Թուրքիայի պաշտպանության նախարարը մինչև թուրք-սիրական սահման այցելելը ստուգումներ է անցկացրել նաև Հաքքարի և Շանլըուրֆա նահանգում տեղակայված ժանդարմերիայի ստորաբաժանումներում:

Նշենք, որ թուրք-սիրիական սահմանին պատի կառուցումը իրականացվում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ երկրի կառավարությանը կից բնակարանաշինության վարչության (TOKİ) հետ միասին:

Թուրքիան Սիրիայի հետ ունի 911 կմ սահման: Պատը բաղկացած է 7 տոննա կշռող 2 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ բետոնե բլոկներից: Պատի կառուցումը Թուրքիայի համար կարժենա մոտ 670 մլն ամերիկյան դոլար (2 մլրդ թուրքական լիրա):

Հավելենք, որ պատի շինարարության աշխատանքները սկսվել են դեռևս 2012 թվականից: Անկարան այն ժամանակ պատի կառուցումը պատճառաբանել էր սահմանը խախտելու հաճախացած դեպքերի դեմ պայքարելու անհրաժեշտությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *