Հունիսի 11-ին ԱՄՆ օժանդակությամբ գործող արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել է Սիրիայի Ռաքքա քաղաքի արևմտյան թաղամասերից մեկը: Այս մաին հայտնում է Washington Post պարբերականի կայքը:
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը հայտարարել է, որ Ռաքքայում ԻՊ զինյալների դեմ երկուօրյա մարտերից հետո նրանց հաջողվել է վերահսկղություն սահմանել ալ-Ռոմանիա թաղամասի վրա:
Քրդական ուժերին նաև օդից աջակցում է Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան, որն էլ ավիահարվածների է իրականացնում Ռաքքայում ԻՊ դիրքերի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսի 6-ին, SDF խմբավորմանը սկսել է Ռաքքայի ազատագրման հիմնական գործողությունը: Այդ խմբավորումը հայտնել էր նաև, որ քրդական ուժերին հաջողվել է Ռաքքա մտնել քաղաքի արևելյան ալ-Մեշլեբ շրջանից:
Մինչ Ռաքքայի գրոհը սկսելը քրդերը կարողացել էին վերահսկողություն սահմանել մարտավարական նշանակություն ունեցող Տաբկա քաղաքի վրա, որն էլ կարևոր պլացդարմ է դարձել Ռաքքա քաղաքի ազատագրման համար:
Նշենք, որ Ռաքքան համարվում է «Իսլամական պետության» մայրաքաղաքը և Սիրիայում ԻՊ վերահսկողության տակ գտնվող վերջին խոշոր քաղաքն է: ԻՊ զինյալները Ռաքքան գրավել են դեռևս 2014-ի հունվարին: