Հունիսի 12-ին ադրբեջանական «Ռիփորթ» գործակալությունը հայտնել է, որ «Ուկրօբորոնպրոմից ստացած տեղեկության համաձայն»՝ 2016 թ. ընթացքում Ուկրաինան Ադրբեջանին տրամադրել է ավելի քան 4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ սպառազինություն, զինամթերք:
Ադրբեջանական գործակալությունը նաև նշում է, որ կողմերը ստորագրել են ավիացիոն և հրթիռահրետանային տեխնիկայի վաճառքի նոր պայմանագրեր:
Ուկրաինական պետական կոնցեռնում նշել են, որ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը համակարգում է միջկառավարական հանձնաժողովը՝ 1997 թ. ստորագրված «Ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձաձայնագրի շրջանակներում:
Ըստ «Ռիփորթի»՝ ուկրաինական կողմից նաև հայտնել են, որ այդ երկիրն Ադրբեջան է արտահանում ավտոմոբիլային և զրահապատ տեխնիկա, ավիացիոն տեխնիկա, հրետանային և հրաձգային զինատեսակներ, իրականացնում զինտեխնիկայի վերանորոգման և արդիականացման աշխատանքներ, նախագծային փաստաթղթերի պատրաստման ծառայություններ:
Ընկերությունում նաև հիշեցրել են, որ 2015 թ. կողմերը ստորագրել են Ադրբեջանին 10 միավոր Ան-178 բեռնատար ինքնաթիռ մատակարարելու համաձայնագիր: Ինքնաթիռները պետք է տրամադրվեն Silk Way քաղաքացիական ավիաընկերությանը:
Ինչ վերաբերում է այդ ինքնաթիռներին՝ ապա դրանց մատակարարման ժամկետը քանիցս հետաձգվել է: Վերջին համաձայնությամբ 2 միավոր նախատեսվում է տրամադրել 2018 թ., իսկ մնացածը պետք է հավաքվի Ադրբեջանի տարածքում: Սակայն ուկրաինական կոնցեռնը ներկայում տնտեսական լուրջ խնդիրներ ունի, ինչի պատճառով ինքնաթիռների հավաքման գործընթացը անընդհատ ձգձգվում է: Ըստ այդմ, եթե կտրուկ փոփոխություններ չիրականացվեն, ապա 2018 թվականին գործարքի իրականացման հավանականությունը բավական ցածր կմնա:
Ադրբեջան–Ուկրաինա ռազմատեխնիկական համագործակցություն. հակիրճ ակնարկ
Ադրբեջանի և Ուկրաինայի ռազմատեխնիկական համագործակցության, այդ թվում՝ Ուկրաինայից Ադրբեջան զենքի արտահանման մասին բաց աղբյուրներում առկա տվյալները բավականին սուղ են, իսկ երբեմն՝ հակասական:
Այսպես, «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) 2017 թ. հրապարակած զեկույցներում 2012-ից հետո Ուկրաինայից Ադրբեջան արտահանված որևէ զինտեխնիկայի մասին տեղեկություն չի տրամադրում: Նույն զեկույցներում նշված է, որ այդ շրջանում Ադրբեջանն Ուկրաինայից առհասարկ սպառազինություն չի գնել (1, 2, 3, 4):
2012 թ. հետո Ադրբեջանին ուկրաինական զենքի տրամադրման մասին որևէ տեղեկություն չկա նաև «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) հրապարակած զեկույցում:
Սակայն, չնայած սրան, կողմերի միջև բավականին ակտիվ ռազմական համագործակցություն է եղել մասնավորապես 2002-15 թթ. ընկած ժամանակահատվածում: Բաց աղբյուրներից ստացված տվյալների համաձայն՝ այդ շրջանում Ադրբեջանը Ուկրաինայից գնել է՝
Թեթև զրահատեխնիկա |
|
ԲՏՌ-70 | 150 |
ԲՏՌ-3Ու | 3 |
ԲՄՊ-1 | 2 |
Տանկեր | |
Տ-72 | 45-48 |
Հրետանի | |
Կրովի ականանետներ | |
ՊՄ-38 | 144 |
Փողային հրետանի | |
ՄՏ-12 | 72 |
Դ-30 | 55 |
Ինքնագնաց հերտանի | |
2Ս1 Գվոզդիկա | 54 |
2Ս3 Ակացիա | 16 |
Համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր | |
9Ա52 Սմերչ | 12 |
Ավիացիա | |
Ուղղաթիռներ | |
Մի-24-35 | 12 |
Ինքնաթիռներ | |
ՄիԳ-29 | 15 |
Լ-39 | 12 |
Բացի այդ, Ուկրաինան նաև Ադրբեջանին վաճառել է ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև արդիականացրել:
Վերջին տարիներին Ուկրաինայի հետ համագործակցությունը զիջում է Ռուսաստանից, Իսրայելից, Բելառուսից, Թուրքիայից կատարված զենքի գնումներին: Սա այն դեպքում, երբ մինչև 2010 թթ. Ուկրաինան Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական երկրներից մեկն էր, իսկ Իսրայելի հետ համագործակցությունը դեռ նոր էր կայանում:
Սա թերևս կարող է բացատրվել նաև նույն ժամանակահտվածում Ուկրաինայի ներքաղաքաական և արտաքին քաղաքական ճգնաժամով: Մինչ այդ Ուկրաինան Ադրբեջանին տրամադրում էր հիմնականում Խորհրդային Միությունից իր զինուժի սպառազինությունում առկա զինտեխնիկա: