Նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ կայքում:
Վիգեն Սարգսյանն նշել է, որ պաշտպանության ոլորտում Հայաստանը և Միացյալ Թագավորությունը արդյունավետ համագործակցություն են իրականացնում:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Դեվիդ Ռոսս Էթելլին (նստավայրը՝ Թբիլիսի) Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-բրիտանական պաշտպանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:
Նշենք, որ Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին, բացի ԱՄՆ մասնագետներից, օժանդակում են նաև Մեծ Բրիտանիան ներկայացնող մասնագետներ: Երկու երկրների խորհրդատվական խումբը ռազմավարական վերանայման գործընթացին օժանդակելու համար Հայաստանում է եղել 2014 հոկտեմբերին:
Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման նպատակն է բացահայտել Հայաստան սպառնացող առկա և հավանական սպառնալիքները՝ երկրի պաշտպանությունը և զորային կառույցը դրանց համապատասխան կառուցելու-փոփոխելու համար: Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը նախատեսված է իրականացնել մինչև 2015թ. վերջը:
2015թ. հոկտեմբերի 30-ին անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների հիման վրա ՀՀ ԶՈւ զարգացման 2016-2020թթ. շրջափուլի նախապատրաստական աշխատանքների, զարգացման պլանի հիմնական ուղղությունների քննարկմանը:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 31 հոկտեմբերի – 5 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info