Նոյեմբերի 3-ին և 4-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տարբեր ստորաբաժանումներ խոշորամասշտաբ զորավարժություններ են սկսելու կենտրոնական Սպահան և Իրաքին սահմանակից Խուզիստան նահանգներում:
Մասնավորապես, Սպահան նահանգում անցկացվելիք «Մոդաֆեյան է հարամ» զորավարժությանը ներգրավված է ԻՀՊԿ «Բեյթ օլ մողադաս» զորամիավորման 10 գումարտակ: Այս մասին հայտնում է իրանական «Իռնա» լրատվական գործակալությունը:
Զորավարժության ընթացքում գիշերային և ցերեկային ժամերին խաղարկվելու են բնակելի տարածքների պաշտպանության գործողություններ:
«Մոդաֆեյան է հարամ» զորավարժության հայտարարվող նպատակը զինծառայողների մարտունակությունը բարձրացնելը, մարտավարական հմտությունները ամրապնդելն է:
Նույն օրը Իրանի արևմտյան՝ Իրաքին սահմանակից Խուզիստան նահանգում մեկնարկելու է «Համասեյե աշուրայի» զորավարժության երկրորդ փուլը, որին ներգրավված է 30 հազար զինծառայող:
Ըստ «Իսնա» գործակալության` զորավարժության առաջին փուլում, որն անցկացվել է հոկտեմբերի 27-28-ը, իրականցվել են որոնողափրկարարական վարժություններ:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ նոյեմբերի 3-4-ին Իրանը «Ալի բեյթ օլ մողադաս» անվանումով զորավարժություններ է անցկացնելու երկրի 13 նահանգներում, որոնց ներգրավված են «Բեյթ օլ մողադաս» զորամիավորման 342 և «Քոսար» զորամիավորման 24 գումարտակներ:
Մինչև 2017թ. կեսերը զորավարժություններն անցկացվելու են երկրի բոլոր նահանգներում:
Ավելի վաղ` հոկտեմբերի 17-19-ը, կենտրոնական Սպահան նահանգում անցկացվել է Իրանի ՌՕՈւ զորավարժությունը, որին ներգրավված էին խորհրդային-ռուսաստանյան արտադրության ՍՈւ-24, ՄԻԳ-29, ամերիկյան արտադրության F-4, F-5, F-14, ինչպես նաև իրանական արտադրության «Սաեղե» կործանիչներ, Boeing-707 և Boeing-747 լիցքավորող ինքնաթիռներ, Lockheed C-130 Hercules բեռնատար ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր: