Հալեպում հաստատվելու է հումանիտար հրադադար

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն որոշել է Հալեպում հերթական հումանիտար հրադադար հաստատելու նպատակով դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հումանիտար միջանցք Հալեպում՝ նախատեսված խաղաղ բնակիչների տարհանման համար

Հումանիտար միջանցք Հալեպում՝ նախատեսված խաղաղ բնակիչների տարհանման համար:

Հրադադարի պահպանման ռեժիմը Հալեպում հաստատվելու է նոյեմբերի 4-ին՝ առավոտյան 9:00-ից մինչև 19:00:

Համաձայն Գերասիմովի հայտարարության՝ հումանիտար դադարի մասին որոշումը ռուսաստանյան կողմը համաձայնեցրել է Սիրիայի իշխանությունների հետ:  Գերասիմովը հայտնել է նաև, որ խաղաղ բնակիչները և զինյալները կկարողանան դուրս գալ մինչ այդ ստեղծված հատուկ միջանցքներով:

Հիշեցնենք, որ Հալեպում նախորդ հումանիտար հրադադար հաստատվել է  հոկտեմբերի 20-22-ին: Հալեպից խաղաղ բնակիչների և զինյալների տարհանման համար գործարկվել են հատուկ միջանցքներ. վեցը՝ խաղաղ բնակչության, ևս երկուսը՝ քաղաքի արևելյան մասում՝ զինյալների համար։

Սակայն, հրադադարի ընթացքում ահաբեկիչները գնդակոծել են խաղաղ բնակիչների տարհանման համար նախատեսված միջանցքները, պարբերաբար խոչընդոտել են մարդասիրական աշխատանքները: Գնդակոծության հետևանքով վիրավորվել են  նաև միջանցքները հսկող  ռուսաստանցի զինծառայողներ:

Նշենք նաև, որ հոկտեմբերի 23-ից Սիրիայի կառավարական բանակը վերսկսել էր Հալեպի հարավում ռազմական գործողությունները և կարողացել էր գրավել մի քանի կարևոր նշանակության բարձրություններ և օբյեկտներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *