Ադրբեջանի ռազմական բյուջեն կարող է շուրջ 27 տոկոսով նվազել

Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 29-ին հրապարակել է 2017 թ. պետբյուջեի նախնական տարբերակը, համաձայն որի, Ադրբեջանի ռազմական բյուջեն նախատեսվում է կրճատել շուրջ 27,5 տոկոսով:

Նախագիծը դեռևս պետք է հաստատվի Ադրբեջանի կառավարությունում, որից հետո կուղարկվի խորհրդարանի քննարկմանը, իսկ այնուհետև՝ նախագահի հաստատմանը:

Եթե 2016 թ. համար նախատեսված բյուջեի վերջնական տարբերակում Ադրբեջանի ռազմական ոլորտին հատկացվում էր շուրջ 2 մլրդ 229 մլն ադրբեջանական մանաթ (1,43 մլրդ ԱՄՆ դոլար՝ ընդունման օրվա փոխարժեքով), ապա նոր նախագծով նախատեսվում է հատկացնել շուրջ 1 մլրդ 615 մլն մանաթ (994 մլն ԱՄՆ դոլար՝ հրապարակման օրվա փոխարժեքով), ինչը շուրջ 613 մլն մանաթով կամ 440 մլն ԱՄՆ դոլարով պակաս է այս տարվա հատկացումներից:

Նշենք, որ ընդհանուր բյուջետային ծախսերը նախատեսվում է կրճատել շուրջ 10 տոկոսով, իսկ հենց ռազմականը՝ 27,5 տոկոսով: Ընդհանուր առմամբ բյուջեն կարող է կրճատվել 1 մլրդ 895 մլն մանաթով, որից 613 մլն-ը՝ պաշտպանական բյուջեի հաշվին:

Ավելացնենք, որ եթե այս տարվա բյուջեի հիմքում երկրորդ վերահաշվարկից հետո՝ 2016 թ. փետրվարին, նավթի մեկ բարելի գինը հաշվարկվել էր 25 դոլոր, ապա նոր բյուջեում նախատեսվում է նավթի մեկ բարելը հաշվարկել 40 դոլարով:

Ադրբեջանի պաշտպանական բյուջեի բաշխումը և 2015-2017 թվականների բյուջեների համեմատությունը ներկայացնում ենք աղյուսակով (թվերը ներկայացված են մանաթով):

Ոլորտը 2015 թ.

(Ընդունված)

2016 թ.

(Ընդունված)

2017 թ.

(Նախագիծ)

8.2. Պաշտպանություն 1 778 529 2 228 834 1 615 359
8.2.1. Պաշտպանության ուժեր 1 651 220 2 114 496 1 486 905
8.2.2. Ազգային անվտանգություն 121 089 108 894 122 700
8.2.3. Ուսումնասիրություններ 2 831 2 422 2 642 
8.2.4. Այլ 3 387 3 021 3 112