Ադրբեջանի նախագահը հաստատել է 2017 թ. բյուջեն. մոտ 700 մլն դոլար կուղղվի զենքի գնումներին

Դեկտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահը հաստատել է 2017 թ. բյուջեի նախագիծը, որով ռազմական ոլորտին հատկացվում է շուրջ 2,6 մլրդ մանաթ (~1.5 մլրդ դոլար), այդ թվում՝ 1,25 մլրդ մանաթը (~700 մլն դոլար) հատկացվում է «հատուկ պաշտպանական նշանակության նախագծերին և միջոցառումներին»: 

Պաշտպանական ոլորտին հատկացվող գումարը ընթացիկ տարվա բյուջեից ավել է մոտ 413 մլն մանաթով (~60 մլն դոլար*):

* Հաշվարկվել է ընթացիկ տարվա բյուջեն ընդունման օրվա (05.03.16 թ.) դոլարային փոխարժեքով և 2017 թ. բյուջեի ընդունման՝ 27.12.2016 թ. դոլարային փոխարժեքով հատկացումների տարբերությունը: Ըստ այդմ՝ նույնիսկ մանաթով 413 մլն մանաթ աճելու պարագայում՝ մանաթի արժեզրկման հետևանքով դոլարային փոխարժեքով տարբերությունը անհամեմատ ցածր է:

Լրացում. Հոդվածում հաշվարկվել էր միայն Ադրբեջանի բյուջեով պաշտպանության նախարարությանը, պետական սհամանապահ ծառայությանը, ինչպես նաև ռազմարդյունաբերության նախարարությանը և ռազմական գնումներին հատկացվող գումարները: Այս բոլոր ներառվում են «պաշտպանություն» ենթակետում, սակայն պետք է նշել, որ բյուջեի այլ ենթակետերով հատկացումներ են նախատեսվում նաև այլ ռազմականացված կառույցների, որոնք ևս կարող են ներգրավվել «Ադրբեջանի սահմանների պաշտպանությանը»:

Մասնավորապես՝ ներքին զորքերի ծախսերը նախատեսվում են շուրջ 152,5 մլն մանաթի չափով (~83 մլն դոլար): Շուրջ 80 մլն մանաթ (~44 մլն դոլար) հատկացվում է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը, որի կազմում կա ռազմականացված ստորաբաժանում*: Նմանապես շուրջ 88 մլն մանաթ հատկացվում է պետական պահպանության հատուկ ծառայությանը:

Շուրջ 170 մլն մանաթ տրամադրվում է արտակարգ իրավիճակների նախարարությանը*, որի կազմում ևս ռազմականացված ստորաբաժանումներ կան: 10-ական մլն մանաթ էլ հատկացվելու է ռազմական ոստիկանությանը և դատախազությանը: Այսպիսով՝ բացի զուտ ռազմական բյուջեից, ռազմական նշանակության այլ կառույցներին հատկացվում է ևս շուրջ 260 մլն մանաթ, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախախարությանն ու ԱՆ քրեակատարողական վարչությանը հատկացվող շուրջ 250 մլն մանաթի մի մասը*:

*Այս կառույցների միայն զինված ստորաբաժանումներին հատկացվող գումարի չափը հայտնի չէ: Ըստ այդմ՝ հստակ հնարավոր չէ որոշել ռազմական հատկացումների չափը:

Չնայած որ պաշտպանական ոլորտին հատկացվող ընդհանուր բյուջեում կտրուկ փոփոխություններ չեն նախատեսվում, սակայն ենթակետային հատկացումներում զգալի տեղաշարժեր են եղել: Մասնավորապես՝ շուրջ 845 մլն մանաթով նվազում է «պաշտպանական ուժեր» ենթակետով հատկացվող գումարը:

Հանվել է երկու ենթակետ, որոնցով 2016 թ. շուրջ 410 մլն մանաթ էր հատկացվել «պաշտպանական ոլորտում նյութատեխնիկական ապահովման ամրապնդման» (340 մլն) և աշխաավարձային համակարգի կատարելագործման (70 մլն) համար: 70 մլն մանաթով նվազել է պետական սահմանապահ ծառայությանը, իսկ 360 մլն մանաթով՝ ՊՆ-ին հատկացվող գումարները: 

Դրանց հաշվին շուրջ 1 մլրդ 254 մլն մանաթով (712 մլն դոլար) ավելանում են «հատուկ պաշտպանական նշանակության նախագծերին և միջոցառումների ծախսեր» ենթակետով հատկացումները՝ ամենայն հավանակությամբ ռազմական նշանակության արտադրանքի գնումների համար: Նման ենթակետով հատկացումներ վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ են իրականացվում:

Ընդ որում նման վերաբաշխումը կատարվել է 2016 թ. սեպտեմբեր – նոյեմբեր ամիսների միջև ընկած ժամանակահատվածում: Սեպտեմբերին ներկայացվել էր ռազմական բյուջեի բավականին փոքր ծավալով տարբերակ, որը շուրջ 27,5 %-ով պակաս էր ընթացիկ բյուջեից: Սակայն արդեն նոյեմբերին ռազմական բյուջեն ավելացվեց՝ մեծամասամբ ի հաշիվ կրթության, սոցապահովման, մշակույթի:

Ադրբեջանի ռազմական բյուջեի բաշխումը ըստ ծառայությունների. մլն մանաթով (Ադրբեջանի նախագահի՝ 27.12.2016 թ. հրամանագրից):

1.2. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ — 2,642
1.2.1 Պաշտպանական ուժեր — 1,270

  • Պաշտպանության նախարարություն — 1,102
  • Պետական սահմանապահ ծառայություն — 139
  • Զորահավաքի և զորակոչի պետական ծառայություն — 21
  • Պաշտպանական ոլորտում նյութատեխնիկական ապահովման ամրապնդում — 340 *
  • Պաշտպանական ոլորտում պետբյուջեից ֆինանսավորվող կառույցների արտաբյուջետային ծախսեր — 7
  • Պաշտպանական ոլորտում աշխատավարձային համակարգի կատարելագործում և այլ սոցիալական միջոցառումներ — 71 *

1.2.2 Ազգային անվտանգություն

  • Պետանվտանգության կոմիտե — 93
  • Արտաքին հետախուզական ծառայություն — 18
  • Պաշտպանության և անվտանգության ոլորտում կիրառական հետազոտություններ — 2,6
  • Պաշտպանական արդյունաբերության նախարարություն — 2,6

1.2.4 Այլ դասերին չպատկանող ծախսեր — 1 257

  • Պաշտպանական արդյունաբերության նախարարություն — 3
  • Հատուկ պաշտպանական նշանակության նախագծերին և միջոցառումներ իրականացում — 1 254 **

* Այն ծախսերն են, որոնք նախպատեսված եղել են 2016 թ. ռազմական բյուջեով, սակայն 2017 թ. բյուջեում տեղ չեն գտել:

** 2017 թ. պետբյուջեով ավելացված ենթակետ

Աղյուսակ. Ադրբեջանի ռազմական բյուջեն 2015–17 թթ., մլն մանաթով.

Բաժին 2015 2016 * 20.X.15 2016 *  23.II.16 2017 ** 29.IX.16 2017  16.XI.16 ***
8.2. Պաշտպանություն 1 779 1 838 2 229 1 615 2 642
8.2.1. Պաշտպանական ուժեր 1 651 1 724 2 115 1 487 1 270
8.2.2. Ազգային անվտանգություն 121.1 108.9 108.9 122.7 111.9
8.2.3. Պաշտպանության և անվտանգության ոլորտում կիրառական հետազոտություններ 2.8 2.4 2.4 2.6 2.6
8.2.4. Այլ դասերին չպատկանող ծախսեր 3.4 3.0 3.0 3.1 1 257.6

* 2015 թ. դեկտեմբերին հաստատվել էր բյուջեն՝ նավթի մեկ բարելը 90 ԱՄՆ դոլարի հաշվարկով, սակայն 2016 թ. սկզբին նավթի գնի կտրուկ անկումից հետո կատարվեց վերահաշվարկ: 2016 թ. փետրվարին բյուջեի վերանայված տարբերակում նավթի մեկ բարելի գինը հաշվել են 25 դոլարով:

** 2016 թ. սեպտեմբերին Ադրբեջանի ֆինանսների նախարարության հրապարակած նախագծի առաջին տարբերակում պաշտպանությանը նախատեսվում էր հատկացնել ընթացիկ՝ 2016 թ. բյուջեից 27.5%-ով պակաս գումար:

*** 2016 թ. դեկտեմբերին Ադրբեջանի նախագահը հաստատել է բյուջեի նոր տարբերակ, որտեղ պաշտպանության ծախսերը ավելացել են 63.5 %-ով։

Ինչի՞ն կարող են ուղղվել նոր ենթակետով հատկացվող գումարները.

«Հատուկ պաշտպանական նշանակության նախագծերին և միջոցառումներին» համար առանձնացվող հատկացումները, ամենայն հավանականությամբ, նախատեսված են նոր ռազմական գնումների համար:

2016 թ. ադրբեջանական լրատվամիջոցներից, համապատասխան պաշտոնյաների հայտարարություններից դատելով՝ ներկայում նման հատկացումները մասնավորապես կարող են ուղղվել երկու երկրների՝ Իսրայելի և Պակիստանի հետ ռազմական համագործակցության զարգացմանը: Սակայն այլ տարբերակները ևս չեն բացառվում, այդ թվում՝ այլ երկրներից զինտեխնիկայի ձեռքբերում, տեղում արտադրության, վերանորոգման կազմակերպում և այլն:

Իսրայելի դեպքում մասնավորապես հնարավոր ամեենախոշոր գնումներից շրջանառվում է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգերի հարցը: Սա տարվա ընթացիկ տարում արդեն բազմիցս քննարկվել է: Նախ և առաջ պետք է ընդգծել, որ անգամ այս համակարգերը ձեռք բերելու պարագայում Ադրբեջանը չի կարող դրանք օգտագործել «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռներ չեզոքացնելու համար: Այս մասին մանրամասն անդրադարձել ենք «Իսրայելական հրթիռները հարվածեցին հայկական լրատվադաշտին» վերտառությամբ հոդվածում: Ադրբեջան-Իսրայել ռազմատեխնիկական համագործակցությանը և նշված հարցերին առավել մանրամասն մոտ օրերս կանդրադառնանք առանձին հոդվածով:

Պակիստանի հետ հնարավոր համագործակցության մասին խոսակցություններ

2016 թ նոյեմբերի 2-ին Պակիստանի առևտրի ու պաշտպանական արդյունաբերության (ՊԱ) նախարարները հայտարարել էին առաջիկա 5 տարում Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության ծավալները 500 մլն դոլարի հասցնելու մասին: Բացի այդ, Պակիստանի ՊԱ նախարար Ռանա Թանվիր Հուսեյնը նշել էր, որ Ադրբեջանը հակված է Պակիստանից ներկրելու պաշտպանական նշանակության զինտեխնիկա և տեխնոլոգիաներ: Չի բացառվում, որ «Այլ դասերին չպատկանող ծախսեր» ենթակետով 700 մլն դոլար հատկացումների առնվազն մի մասը կարող է ուղղվել Ադրբեջանում պակիստանյան տեխնոլոգիաներով ռազմարդյունաբերական ծրագրերի իրագործմանը։

Այլ ծրագրեր

Վերջին ժամանակներում բաց աղբյուրներում խոսվել է Ադրբեջանում ռազմարդյունաբերական այլ ծրագրերի մասին ևս, որոնց համար նույնպես կարող են գումարներ հատկացվել վերոնշյալ 730 մլն դոլարից.

Բնականաբար, չի կարելի բացառել նաև այլ ծրագրերի առկայությունը, որոնց մասին բաց աղբյուրներից առայժմ հայտնի չէ։

One response to “Ադրբեջանի նախագահը հաստատել է 2017 թ. բյուջեն. մոտ 700 մլն դոլար կուղղվի զենքի գնումներին

  1. Pingback: Ադրբեջանի 2017 թ. ռազմական բյուջեով խոշոր գումար է հատկացվում ռազմարդյունաբերությանը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *